Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

ՀԱԻ-ում տեղի ունեցավ Ռուզան Մկրտչյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

ՀԱԻ-ում տեղի ունեցավ Ռուզան Մկրտչյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

Հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի(ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ հերթական դոկտորական ատենախոսության պաշտպանությունը՝ «Սևանի ավազանի կենսահնագիտությունը (Միջին և ուշ բրոնզի դարաշրջաններ)» թեմայով։ ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստում ատենախոսությամբ հանդես եկավ Ռուզաննա Մկրտչյանը։ Ատենախոսությունը նվիրված է Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան բնակչության մարդաբանական տիպի, ժողովրդագրական պատկերի, կենսակերպի, սննդակարգի, թաղման ծեսի առանձնահատկությունների վերակազմությանն՝ ըստ գանգաչափական, ոսկրաչափական, սեռատարիքային և ատամնաախտաբանական հատկանիշների: Ընդդիմախոսությամբ հանդես եկան ` պ. գ. դ., պրոֆեսոր Հայկ Գրիգորի Ավետիսյանը, պ. գ. դ. Գարեգին Սահակի Թումանյանը և ա.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Երվանդի Սիմոնյանը։ Ատենախոսության առաջատար կազմակերպությունն է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ն։ Ընթացքում եղան այլ ելույթներ ևս։ Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Ռ․ Մկրտչյանի աշխատանքը։  

2025-06-27

Տեղի ունեցա «ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» թեմայով եռօրյա գիտաժողով

Տեղի ունեցա «ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» թեմայով եռօրյա գիտաժողով

Ավարտվեց «ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» թեմայով գիտաժողովը, որը կազմակերպել էին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության գ/հ խումբը Արդիական մարդաբանության բաժնի աշխատակիցների հետ: Երկու օր այն ընթացավ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, մեկ օր՝ Երևանում, քաղաքական բռնությունների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում: Գիտաժողովի առաջին և երկրորդ նիստերի ելույթները ներկայացրեցին քաղաքական բռնությունների առանձին դրվագներ Խորհրդային Հայաստանում՝ կոլխոզների ձևավորման ընթացքում գյուղացիական դիմադրական շարժումների ճնշումից մինչև 1949թ. հայերի դեպորտացիան Սևծովյան ավազանի խորհրդային հանրապետությունների տարածքից: Այս նիստին համշենցի հայերին աքսորելու դրվագը ներկայացնելիս գիտաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքը վավերացրին 1944թ. աքսորված և մինչև այսօր աքսորավայրից հայրենադարձման իրավունք չնվաճած համշենցի հայերի աքսորավայրի կյանքը հետազոտած մեր գործընկեր Սերգեյ Վարդանյանի հիշատակին: Նիստերի ընթացքում քննարկվեցին նաև ոչ այնքան ակնհայտ բռնությունների ձևերը՝ ըհնդհուպ մինչև անձի և խմբի ինքնության ընտրության իրավունքի խնդիրը ԽՍՀՄ պաշտոնական մարդահամարների ընթացքում: Մի շարք զեկուցումներով ներկայացվեցին բռնությունների ընթացքում կիրառված պաշտոնական, վարչարարական, և խոսակցական, ինչպես նաև լրագրողական «լուսաբանող», իրականում բռնությունների ընթացքը նախապատրաստող և խրախուսող լրատվամիջոցների լեզուն: Ամփոփիչ ելույթ էր 1920-1953թթ. ընթացքում Խորհրդային Հայաստանում բռնադատվածների էթնո-սոցիալական կազմի ներկայացումը ըստ ՀՀ Ազգային արխիվի նյութերի: Երրորդ նիստը տեղի ունեցավ «Ստալինյան ցուցակներով» 1937թ. գնդակահարության դատապարտված Ակսել Բակունցի տուն թանգարանում: Այս նիստում ներկայացվեցին քաղաքական բռնությունների զոհերի մասնավոր դեպքերի պատմություններ՝ թե որպես կենսագրության էջ, թե որպես հիշաղություն, իսկ գլխավորը՝ որպես քաղաքական բռնության ընդհանուր բնոււթագրի մաս: Գիտաժողովի կազմը հունիսի 13-ին մասնակցեց Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակի՝ Գորիս քաղաքում նշվող տոնահանդեսին: Հունիսի 14-ին՝ ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված «Բռնադատվածների հիշատակի օր»-ը գիտաժողովի մասնակիցները այցելեցին ԽՍՀՄ քաղաքակական բռնությունների զոհերի Երևանում գտնվող հուշահամալիր, հավաքվածներին ներկայացրին ստալինյան ցուցակներով Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում դատապարտվածների քանակական և որակական առանձնահատկությունը, և հնչեցրին 1936-1938 թթ. Հայաստանում գնդակահարության դատապարտվածներից 200-ի անունները: Գիտաժողովի զեկուցումներին կարելի է ծանոթանալ այս հղումով. https://www.youtube.com/playlist?list=PLclo6JyCE6xmbAfVBM2mZSUvf2lUUQEjw

2025-06-15

Բանախոսություն «Ինֆրակարմիր պատկերների կիրառումը հնագիտության մեջ» թեմայով

Բանախոսություն «Ինֆրակարմիր պատկերների կիրառումը հնագիտության մեջ» թեմայով

Հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) 34-րդ սենյակում տեղի ունեցավ Ճարտարապետական մոդելավորման գիտական խմբի հերթական սեմինարը՝ «Ինֆրակարմիր պատկերների կիրառումը հնագիտության մեջ» թեմայով։ Զեկուցմամբ հանդես եկավ Արշալույս Մկրտչյանը՝ ներկայացնելով ինֆրակարմիր պատկերների կիրառության մեթոդաբանությունը հնագիտական հետազոտություններում։ Սեմինարը եզրափակվեց հետաքրքիր քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին հարցերով, փորձով և առաջարկներով։

2025-06-12

Հայ-իտալական համատեղ հնագիտական պեղումներ Արուճում

Հայ-իտալական համատեղ հնագիտական պեղումներ Արուճում

2025 թ. հունիսից շարունակվում են հայ-իտալական համագործակցությամբ իրականացվող հնագիտական պեղումները ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) և Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) նախաձեռնությամբ։ Արշավախմբերը պեղումներ են իրականացնում Արուճ գյուղի միջնադարյան դղյակ-ամրոցում, ինչպես նաև Շամիրամ գյուղի ամրոցում և դամբարանադաշտում։ Արուճի ամրոցում պեղումներն իրականացվում են ՀԱԻ գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանի և ISMEO-ի ներկայացուցիչ Սերջիո Ֆերդինանդի համաղեկավարությամբ։ Այստեղ պեղումները սկսվել էին դեռևս 2022 թվականին։ Դղյակ-ամրոցը թվագրվում է 12–13-րդ դարերով, սակայն հետագա դարերում ևս շարունակել է գործել։ 20-րդ դարում տարածքում կառուցվել են բնակելի տներ և այլ շինություններ, ինչը ներկայումս բարդացնում է հնագետների աշխատանքը։ ՀԱԻ գիտական քարտուղար, արշավախմբի համաղեկավար Աստղիկ Բաբաջանյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրման ու պեղումների աշխատանքները կատարվում են «Միջնադարյան ամրաշինությունը Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակներում և կշարունակվեն մինչև հունիսի 23-ը։ Հայ և իտալացի մասնագետները նաև քննարկել են ամրոցի պեղված հատվածների ամրակայման, ինչպես նաև Արուճի տաճարի տեխնիկական վիճակի գնահատման և գմբեթի վերականգնման հնարավորության հարցերը։  

2025-06-12

ՀԱԻ աշխատակիցները մասնակցեցին Լիոնում անցկացված ICAANE միջազգային գիտաժողովին

ՀԱԻ աշխատակիցները մասնակցեցին Լիոնում անցկացված ICAANE միջազգային գիտաժողովին

Հունիսի 2-7-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվեց 14th International Congress on the Archaeology of the Ancient Near East (14th ICAANE) միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մերձավոր Արևելքի վաղ հնագիտությանը։ Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ռուբեն Բադալյանը, գիտաշխատողներ պ․գ․թ․ Արմինե Հարությունյանը, Մարիամ Սարիբեկյանը, Լևոն Աղիկյանը և Իվան Սեմյանը։ Մասնակիցները գիտաժողովի ընթացքում հանդես եկան Հայաստանի տարածքում վերջին տարիներին ուսումնասիրվող նեոլիթյան, խալկոլիթյան և վաղբրոնզեդարյան մի շարք հուշարձանների(Հաղարծին, Այրում, Թեղուտ, Եղեգիս-1, Կառնուտ, Ոսկեբլուր) պեղումների, Կուր-Արաքսյան մշակույթի տարածման և էքսպերեմենտալ հնագիտության զարգացման հայկական փորձի մասին զեկուցումներով։

2025-06-10

ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց աշխարհի ժողովուրդների էպոսների 8-րդ փառատոնին

ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց աշխարհի ժողովուրդների էպոսների 8-րդ փառատոնին

Մայիսի 28-30-ը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց աշխարհի ժողովուրդների էպոսների 8-րդ փառատոնին, որի շրջանակում տեղի ունեցավ էպոսագիտական միջազգային գիտաժողով։ Վերջինիս խորագիրն էր՝ «Էպոսի ունիվերսալ բնույթը. տիպաբանություն և բազային էթնիկ մոդելներ» միջազգային գիտա-գործնական սիմպոզիում, այն նվիրված էր «20-րդ դարի Հոմերոս» կոչված նշանավոր վիպասաց-ասացող Սայակբայ Կարալաևի 130-ամյակին։ Գիտաժողովի լիագումար նիստը նախագահում էր Տորք Դալալյանը։ Մասնակիցները ավելի քան 30 երկրներից ժամանած բանագետներ, էպոսագետներ և մշակութային մարդաբաններ էին։ Տ. Դալալյանի զեկուցումը վերաբերում էր հայ-կովկասյան էպոսների տիպաբանական առանձնահատկություններին։ Փառատոնի և գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցան շահեկան գիտական քննարկումներ, արվեցին համագործակցության առաջարկներ, մասնակիցներն այցելեցին Ղրղզական ազգային «Մանաս» թատրոն, տեղի ունեցան մշակութային այլ միջոցառումներ և այցելություններ։

2025-06-02