Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում կայացավ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի հերթական սեմինարը։ «Հուշարձանների մշտադիտարկման խնդիրները Արցախի մշակութային ժառանգության օրինակով» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ խմբի անդամ Համազասպ Աբրահամյանը։ Սեմինարին մասնակցում էին խմբի անդամները՝ խմբի ղեկավար պ. գ. դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև թեմայով հետաքրքրվող այլ մասնակիցներ։ Սեմինարի ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին։
2025-12-02
Նոյեմբերի 20–22-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքի հարավարևմտյան «Նեոֆիտ Ռիլսկի» համալսարանի Բալկանյան ուսումնասիրությունների և մասնագիտացումների միջազգային համալսարանական սեմինարը կլոր սեղանի շուրջ համախմբեց տարբեր երկրների գիտնականների «Religion and Religiosity – The Balkans and the Black Sea Region» թեմայով։ Միջոցառումը նման ձևաչափով անցկացվող արդեն 35-րդ ֆորումն էր։ Սեմինարը միավորեց Հայաստանից, Վրաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Ճապոնիայից, Կոսովոյից և Բուլղարիայից ժամանած հետազոտողների, ովքեր քննարկեցին կրոնի դերը պատմական, մշակութային, սոցիալական և քաղաքական համատեքստերում։ Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատողներ՝ պ.գ.թ. Նելլի Խաչատուրյանը, Սալվինե Մարկոսյանը և Մարիամ Հարությունյանը։ Մասնակիցները ներկայացրեցին «Ethnic Spaces, Social Institutions, and the Intergenerational Transmission of Religiosity in Diaspora» վերտառությամբ զեկուցումը:
2025-11-27
Վերջերս, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետի գիտխորհրդի երաշխավորմամբ, լույս է տեսել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի գիտաշխատող, պ. գ. թ. Հայկուհի Մանվելի Մուրադյանի հեղինակած «Մշակութային քաղաքականությունը խորհրդային և հետխորհրդային Հայաստանում» 208-էջանոց մենագրությունը։ Աշխատությունում համակողմանիորեն ներկայացված է Հայաստանի մշակութային քաղաքականության ձևավորումը՝ 1920 թվականից մինչև մեր օրերը։ Նոյեմբերի 24-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրադարանում կայացավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին թեմայով հետաքրքրված մասնագետներ, դասախոսներ, ուսանողներ և հյուրեր։ Միջոցառումը բացեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը՝ կարևորելով մենագրության գիտական և գործնական արժեքը և շնորհավորելով հեղինակին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև գրքի գիտական խմբագիր, պ. գ. դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը՝ աշխատանքը գնահատելով որպես սպասված և եզակի հետազոտություն։ «SIREH» մշակութային ժառանգության հետազոտության, պահպանության և զարգացման կենտրոնի գիտական տնօրեն Գայանե Կանատինը, ով նախաձեռնողն է եղել գրքի հրատարակման, իր խոսքում ընդգծեց, որ մենագրության լույսընծայումը իրենց կազմակերպության գործունեության կարևոր արդյունքներից է։ Հրատարակությունն իրականացվել է Եվրոպական ժառանգության կենտրոնի պիլոտային ծրագրերի շրջանակներում՝ համամասնաբար ֆինանսավորված Եվրոպական միության և Europa Nostra-ի կողմից։ Գրքի կարևորության մասին խոսեցին նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ, դասախոս Յուլիա Անտոնյանը, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի գիտական փոխտնօրեն, պ. գ. թ. Նժդեհ Երանյանը՝ շնորհավորելով հեղինակին արժեքավոր հետազոտական աշխատանքի համար։ Այնուհետև մենագրությունը ներկայացրեց հեղինակը։ Աշխատությունն ընդգրկում է Ներածություն և հետևյալ գլուխները․ «Մշակութային քաղաքականության սահմանումները․ տեսական մոտեցումների քննություն», «Մշակութային քաղաքականությունը Խորհրդային Հայաստանում», «Մշակութային քաղաքականության նոր հայեցակարգային ձևավորումը», «Տեսությունից պրակտիկա․ “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին” ՀՀ օրենքի ներկայիս փոփոխությունները և դրանց իմաստաբանական կառուցվածքային խնդիրները»։ Շնորհանդեսի ավարտին ներկաները հարցեր ուղղեցին Հ. Մուրադյանին և ընդգծեցին մենագրության կարևորությունը ինչպես գիտական, այնպես էլ մշակութային քաղաքականության ձևավորման գործընթացների ուսումնասիրության համար։
2025-11-26
Այս օրերին ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող բլուրների վրա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը՝ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Մարիամ Շախմուրադյանի ղեկավարությամբ, իրականացնում է հնագիտական պեղումներ։ Բլուրներից մեկի վրա բացվել է տարածքի ամրոցի ծիսական հատվածը։ Թալինի տարածաշրջանը հարուստ է պատմական հնավայրերով, ինչը վկայում է, որ հազարամյակներ շարունակ այստեղ մարդն ապրել ու արարել է։ Առավել շատ են նախաքրիստոնեական շրջանի հուշարձանները՝ բնակատեղիներ, ամրոցներ, մեգալիթյան աշտարակներ, դամբարանադաշտեր, այսպես կոչված «անապատի օդապարուկներ», ինչպես նաև այլ ծիսական ու պաշտպանական կառույցների ավերակներ։ Ինչպես տեղեկացրեց արշավախմբի անդամ, հնագետ Լևոն Մկրտչյանը, տարածքում մ. թ. ա. 1-ին հազարամյակում գոյություն է ունեցել ամրոց-բնակատեղի, որի հոգևոր-ծիսական սրբավայրում էլ իրականացվում են պեղումները։ Այն ուղղանկյուն, մոտ 16 քմ մակերեսով քարակերտ հոծ կառույց է։ Նմանատիպ կառույցներ հայտնի են նաև Արմավիրի և Շիրակի տարածաշրջաններից։ Պեղումների արդյունքում բացվել են կառույցի պատերը, որոնք որոշ հատվածներում հասնում են ավելի քան 2 մ բարձրության։ Դրանք կառուցված են կոպտամշակված բազալտե քարերով։ Բլրի լանջերին և ստորոտում պահպանվել են դամբարաններ ու բնակատեղիներ։
2025-11-18
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) գրադարանում կայացավ հետաքրքիր դասախոսություն՝ նվիրված IBM Research Brazil-ի և Սան Պաուլոյի համալսարանի համագործակցության արդյունք Եգատու թվային նախագծին։ Դասախոսության սկզբում անդրադարձ կատարվեց բնիկ ժողովուրդների վտանգված լեզուների պահպանության խնդրին, որի համատեքստում կարևորվեց նաև Արցախի բարբառի պահպանության անհրաժեշտությունը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ։ «Ճգնաժամ և հիշողություն․ թվանշային բանավոր պատմությունների լաբորատորիա» շարքի երկրորդ դասախոսությունն անցկացրեց Սան Պաուլոյի համալսարանի Արհեստական բանականության կենտրոնի փոխտնօրեն, IBM Research Brazil-ի լաբորատորիայի գլխավոր հետազոտող, դոկտոր, պրոֆեսոր Կլաուդիո Պինհանեսը։ Դասախոսությանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրված անձինք։ Միջոցառումը կայացավ անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Բանախոսը նշեց, որ իրենց հիմնական խնդիրներից է Բրազիլիայի անտառների պահպանությունը, իսկ այդ գործը դարեր շարունակ իրականացնում են հենց տեղական բնիկ համայնքները՝ շարունակելով ավանդական ծառատունկի և բնապահպանական պրակտիկաների մշակույթը։ Նա ներկայացրեց հարավային Ամերիկայի՝ մասնավորապես Ամազոնի բնիկ համայնքներում իրականացվող թվային նախագծերը, որոնք ուղղված են համայնքների ներգրավվածությանը և մշակութային ինքնության պահպանմանը։ Պրոֆեսոր Պինհանեսը նաև ներկայացրեց IBM Research-ի և Սան Պաուլոյի համալսարանի համատեղ նախագիծը, որը նա ղեկավարում է 2022 թվականից։ Նախագիծը կիրառում է թվային և արհեստական բանականության գործիքներ՝ ուղղագրական ստուգիչներ, հաջորդ բառի կանխատեսման համակարգեր և բառարաններ՝ խթանելու անհետացման վտանգի տակ գտնվող բնիկ լեզուների օգտագործումը։ Նախաձեռնությունը կենտրոնացած է բրազիլական բնիկ ժողովուրդների լեզուների փաստաթղթավորման և կենսունակության բարձրացման վրա։ Լուսանկարներով և տեսահոլովակներով ցուցադրվեցին Ամազոնի Բարե ազգության հետ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ երկու համայնքներում 2025 թ. հուլիսին տեղակայված թվային լսարանների ստեղծումը։ Լսարանների անխափան աշխատանքը ապահովվում է արևային էներգիայի կիրառմամբ։ Դասախոսությունից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան, ինչպես նաև քննարկում։
2025-11-06
Սույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը իրականացրել է հետազոտական այց Արգենտինայի Հանրապետություն՝ տեղում դաշտային ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։ Դաշտային աշխատանքները, որոնք իրականացվել են մի շարք հետազոտական մեթոդներով, ընդգրկել են Բուենոս Այրես, Կորդովա, Վիլյա Կառլոս Պաս քաղաքները, ինչպես նաև դրանց արեւելյան և արվարձանային մի շարք բնակավայրեր։ Այցի շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ և խորացված հարցազրույցներ համայնքային կառույցների պատասխանատուների, հայագիտական ամբիոնների ներկայացուցիչների, ինչպես նաև համայնքային կյանքում ներգրավված և չներգրավված անձանց հետ։ Բացի դրանից, փաստագրական արձանագրման են ենթարկվել հայկական հուշարձաններ, կոթողներ և համայնքային միջոցառումներ։
2025-11-04