Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Մեկնարկեց «Ամրոցները եվ պաշտպանական համակարգերը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողովը

Մեկնարկեց «Ամրոցները եվ պաշտպանական համակարգերը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում մեկնարկեց «Ամրոցները և պաշտպանական համակարգերը Առաջավոր Ասիայում» թեմայով միջազգային գիտաժողովը։ Եռօրյա գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Միջնադարյան հնագիտության բաժինը՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն, պ. գ. դ. Արսեն Բոբոխյանը՝ ընդգծելով գիտաժողովի կարևորությունը և այն, որ քննարկումներին մասնակցում են մի շարք երկրների գիտնականներ։ Առաջին նիստը նախագահեց ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ, պ. գ. թ. Դիանա Միրիջանյանը։   Առաջին օրը անցկացվեց երեք նիստ։ Առաջին նիստում արվեստագիտության դոկտոր, պ. գ. թ., հնագետ Հակոբ Սիմոնյանը («Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն») ներկայացրեց «Հայաստանի հնագույն պաշտպանական համակարգերը»՝ անդրադառնալով «Շենգավիթ» հնավայրին և նույն ժամանակաշրջանի հարակից հուշարձաններին: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի ղեկավար, պ. գ. թ. Մկրտիչ Զարդարյանը ներկայացրեց «Արմավիր – Արտաշատ – Գառնի. Անտիկ Հայաստանի ամրաշինությունն ու դրա փուլային վերափոխումները» զեկույցը։ ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավար, պ. գ. դ. Համլետ Պետրոսյանը ներկայացրեց «Արցախի Տիգրանակերտի ամրաշինական համակարգը» (համահեղինակ՝ ճ. դ. Լյուբա Կիրակոսյան)։ Զեկույցի ընթացքում նա նաև տեղեկացրեց, որ մայրաքաղաք Տիգրանակերտին նվիրված նոր գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ գիտաժողովի նույն դահլիճում։   Երկրորդ նիստը նախագահում էր պ. գ. դ. Համլետ Պետրոսյանը։ Անկախ հետազոտող Արա Զարյանը ներկայացրեց «Սյունիքի թագավորության (970–1170 թթ.) Կապան մայրաքաղաքի պաշտպանական համակարգը» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով վերջին տարիներին իրականացված հնագիտական հետազոտություններին։ Նույն ժամանակ հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ իրականացվում էին նաև Կապան մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բաղաբերդում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, հնագետ, արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը և Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող Արամ Ստեփանյանը համատեղ ներկայացրեցին «Բաղաբերդ ամրոցի դերը միջնադարյան Սյունիքի պաշտպանական համակարգում» զեկույցը՝ ներկայացնելով վերջին պեղումների արդյունքներն ու ամրոցի շինարարական փուլերը։ Նիստին ներկա էր նաև վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանը, ով աշխատում էր նշված հուշարձանների պեղումներ իրականացնող և ուսումնասիրող խմբերի հետ։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԱՀ Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավար, պ. գ. դ. Ալեքսան Հակոբյանը հանդես եկավ «Կառնակաշը և Արցախի Բերձոր գավառի ամրոցները Թ-դարում» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով տվյալ տարածաշրջանի ամրաշինական համակարգի առանձնահատկությունները և դրանց պատմական նշանակությունը։ Զեկուցողը անդրադարձավ նաև Կառնակաշ ամրոցի այլ հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրություններին և դրանց գիտական արժեքին։   Օրվա վերջին նիստը նախագահեց ՀԱԻ գիտաշխատող, պ. գ. թ. Հասմիկ Հովհաննիսյանը։ Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դասախոս, ա. դ. Արմեն Ղազարյանը ռուսերեն ներկայացրեց «Անիի Սմբատյան պարիսպները․ ճարտարապետա-հնագիտական շերտագրական նոր հետազոտություններ» զեկույցը։ ՀԱԻ և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտաշխատող, հնագետ, պ. գ. թ. Արման Նալբանդյանը ներկայացրեց «Լոռե բերդաքաղաքի պարիսպը՝ ամրաշինական համակարգի ինքնուրույն մաս» զեկույցը։ ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման խմբի ղեկավար Արտակ Հախվերդյան, գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյան և Հարություն Բադալյան ներկայացված էին համատեղ զեկույցով՝ «Տավուշ ամրոցի եռաչափ վերակազմությունն ըստ շինարարական փուլերի», որը ներկայացրեց Արտակ Հախվերդյանը։ Օրվա վերջին զեկույցով՝ «Ավերակներից թանգարան․ Դաշտադեմի ամրոցի վերականգնման և թանգարանի ստեղծման մարտահրավերները» հանդես եկավ անկախ հետազոտող Աննա Բարսեղյանը (համահեղինակներ՝ ճարտարապետության թեկնածու Արև Սամուէլյան, պ. գ. թ., ՀԱԻ գիտաշխատող Աստղիկ Բաբաջանյան, հնագետ, ՀԱԻ գիտաշխատող Սոսե Աղայան)։   Հաջորդ նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 24-25-ին ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ընթերցասրահում։

2025-10-23

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնակցությունը Սալոնիկում կայացած միջազգային գիտաժողովին

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնակցությունը Սալոնիկում կայացած միջազգային գիտաժողովին

Սալոնիկի Հնագիտական թանգարանը և Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդը՝ ժառանգության գիտության ինստիտուտը (CNR-ISPC) համատեղ հոկտեմբերի 15-19-ը կազմակերպեցին «Երաժշտություն, պար և ձայնային լանդշաֆտներ Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհում» միջազգային գիտաժողովը։   Գիտաժողովի 24 ընտրված մասնակիցներից էր նաև ԳԱԱ Հնագիության և ազգագրության ինստիտուտի գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ․գ․թ․ Վիկտորյա Վասիլյանը։ Գիտաժողովը ընդգրկում էր նաև մշակույթի նախարարության կողմից կազմակերպված անտիկ երաժշտության վերակազմված համերգ և հնագիտական այց Վերգինա, Պելլա Մակեդոնյան արքաների դամբարաններ։ Գիտաժողովից դուրս տեղի ունեցավ հանդիպում Սալոնիկի միջազգային հելլենական համալսարանի Հումանիտար Ֆակուլտետի դեկան, պրոֆեսսոր Մանոլիս Մանոլեդակիսի հետ, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։    

2025-10-21

Մեկնարկել է «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողովը

Մեկնարկել է «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի, Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և Ֆրանսիայի INALCO (Institut National des Langues et Civilisations Orientales) համալսարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) դահլիճում, մեկնարկեց «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» թեմայով եռօրյա գիտաժողովը։   Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը, ովքեր կարևորեցին գիտաժողովի թեմատիկ ուղղվածությունը՝ որպես Արցախի վերջին իրադարձությունների գիտական վերլուծության և բանավոր պատմությունների պահպանման հարթակ։   Գիտաժողովի առաջին նիստը վարեց ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավար, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, որի ընթացքում զեկույցներով հանդես եկան չորս բանախոսներ: Առաջին զեկույցով՝ «Միջնադարյան աղբյուրների տեղեկությունները Առան, Աղվանք, Ռան, Խաչեն, Ղարաբաղ անունների, դրանց տեղադրության և իմաստի շուրջ» թեմայով, հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, ազգագրագետ, պ.գ.թ. Հրանուշ Խառատյանը։   Հնագետ, արվեստագիտության դոկտոր, պ.գ.թ., Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի վարիչ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց «Ծիծեռնավանքը պեղումների լույսի ներքո» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով 1997–2001 թթ․ Արցախի Քաշաթաղի շրջանում իր ղեկավարությամբ իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների արդյունքներին։ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը հանդես եկավ «Արցախի հայ բնակչության բռնագաղթը 18-րդ դարի վերջին – 19-րդ դարի սկզբին՝ տարածաշրջանում միգրացիոն գործընթացների համատեքստում» թեմայով զեկույցով։ Նիստը եզրափակեց Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Նժդեհ Երանյանը, որը ներկայացրեց «Մշակութային ժառանգությունը որպես հակամարտության դաշտ․ Արցախի նախաքրիստոնեական մշակույթի օրինակը» թեմայով զեկույցը։   Նիստի ավարտին տեղի ունեցավ քննարկում, մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցողներին և ներկայացրին դիտարկումներ։

2025-10-16

Պեղումներ «Ոսկե բլուր» հնավայրում

Պեղումներ «Ոսկե բլուր» հնավայրում

ՀՀ Արարատի մարզի Մասիսի շրջանի Հայանիստ գյուղի հարավային մասում` ծովի մակերևույթից մոտ 840 մ բարձրության վրա, գտնվում է «Ոսկե բլուր» հնավայրը՝ Կուրարաքսյան (Շենգավիթյան) մշակույթին պատկանող վաղբրոնզեդարյան` լավ պահպանված բնակատեղերից մեկը (մ.թ.ա. 3500/3350–2600/2500 թթ.)։   Երևանից շուրջ 22 կմ հարավ-արևմուտք ընկած հնավայրը արհեստական բլուր-բնակատեղ է՝ շուրջ 2,6 հա մակերեսով։ Առաջին հնագիտական պեղումներն այստեղ կատարվել են 1975–1976 թթ․ հնագետ Էմմա Խանզադյանի ղեկավարությամբ։ 2020-ից «Ոսկե բլուր»-ում գործում է հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Ֆրանսիայի Արտաքին գործոց նախարարության և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Archéorient լաբորատորիայի (UMR 5133) համագործակցության շրջանակում։ Նույն թվականից հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը հնավայրում պարբերական պեղումներ և ուսումնասիրություններ է կատարում: 2025 թ․ պեղումները մեկնարկել են սեպտեմբերին և կավարտվեն հոկտեմբերի 8-ին։ Պեղումները ղեկավարում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ.գ.դ Ռուբեն Բադալյանը (հայկական կողմից) և Լիոնի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ, պ.գ.դ Բերանժեր Պերելլոն (ֆրանսիական կողմից)։   Արշավախմբի կազմում ընդգրկված են նաև ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատողներ՝ պ.գ.թ. Արմինե Հարությունյանը, Լևոն Աղիկյանը, ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման խմբի գիտաշխատող Լիլիթ Տեր-Մինասյանը, Լիոնի Հնագիտական ծառայության աշխատակից, հնակենդանաբան Օրելիեն Քրեզյոն և Հայաստանի պատմության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոնա Հովսեփյանը։ Այս տարի աշխատանքները շարունակվել են հուշարձանի 4-րդ և 5-րդ պեղամասերում, ինչպես նաև բացվել է նոր՝ 6-րդ հատվածը։ Պեղումների ընթացքում բացվել են տարբեր բարձրության հում աղյուսե պատեր, հայտնաբերվել են Կուրարաքսյան շրջանին բնորոշ խեցեղենի բեկորներ, քարե գործիքներ ևն: Առանձնակի հետաքրքիր են` լավ պահպանված կավե օջախը, ինչպես և թրծած աղյուսով շարված միջնադարյան թոնիրը: Արշավախմբի համաղեկավար Ռուբեն Բադալյանի խոսքով՝ պեղումներն այստեղ կշարունակվեն առաջիկա տարիներին։

2025-10-09

Հայաստանում մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը

Հայաստանում մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը

Սեպտեմբերի 30-ին մեկնարկեց «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» միջոցառումը, որը նվիրված է գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը։ «Զարգացնել գիտությամբ» խորագրով շաբաթն անցկացվում է վեց օր՝ ընդգրկելով միջոցառումներ, որտեղ ներկայացված են գիտության, տեխնոլոգիաների և արվեստի ոլորտները։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար մասնագետները՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել հանրության լայն շերտերին։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) նույնպես ակտիվ մասնակցություն է ունենում շաբաթվա միջոցառումներին։ Ինստիտուտը ներկայացված է իր կազմում գործող հեռավար լաբորատորիաներով՝ • «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» 23 RL-6A006, • «Հայաստանը և բրոնզի դարի աշխարհ-համակարգը. հին տեխնոլոգիաները փորձարարական հնագիտության լույսի ներքո», 23RL-6A041։ Լաբորատորիաները ներկայացնում են կատարած աշխատանքները, անցկացնում քուիզ-հարցումներ, ցուցադրում հնագիտական վերակազմություններ և կազմակերպում ինտերակտիվ խաղեր՝ խթանելով այցելուների հետաքրքրությունը դեպի գիտություն և ժառանգություն։

2025-10-02

Բանախոսություն «Զբոսավարը և մշակութային բեմականացված ժառանգությունը․ աուտենտիկ զբոսավարության կառուցումը հետխորհրդային Հայաստանում» թեմայով

Բանախոսություն «Զբոսավարը և մշակութային բեմականացված ժառանգությունը․ աուտենտիկ զբոսավարության կառուցումը հետխորհրդային Հայաստանում» թեմայով

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում կայացավ 2025 թ․ աշնանային առաջին սեմինարը։ «Զբոսավարը և մշակութային բեմականացված ժառանգությունը․ աուտենտիկ զբոսավարության կառուցումը հետխորհրդային Հայաստանում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ բաժնի գիտաշխատող Գարիկ Աթանեսյանը։ Բաժնի ղեկավար, պ․ գ․ դ․ Միհրան Գալստյանը ներկայացրեց թեմայի շրջանակները՝ ընդգծելով դրա արդիականությունը ներկայիս զբոսավարության համար։ Գ․ Աթանեսյանը ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում զբոսավարության ոլորտի խնդիրներին՝ դրանք համեմատելով արևմտյան երկրների փորձի հետ։ Սեմինարի ընթացքում և ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում։

2025-09-29