2025 թ. հունիսից շարունակվում են հայ-իտալական համագործակցությամբ իրականացվող հնագիտական պեղումները ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) և Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) նախաձեռնությամբ։ Արշավախմբերը պեղումներ են իրականացնում Արուճ գյուղի միջնադարյան դղյակ-ամրոցում, ինչպես նաև Շամիրամ գյուղի ամրոցում և դամբարանադաշտում։ Արուճի ամրոցում պեղումներն իրականացվում են ՀԱԻ գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանի և ISMEO-ի ներկայացուցիչ Սերջիո Ֆերդինանդի համաղեկավարությամբ։ Այստեղ պեղումները սկսվել էին դեռևս 2022 թվականին։ Դղյակ-ամրոցը թվագրվում է 12–13-րդ դարերով, սակայն հետագա դարերում ևս շարունակել է գործել։ 20-րդ դարում տարածքում կառուցվել են բնակելի տներ և այլ շինություններ, ինչը ներկայումս բարդացնում է հնագետների աշխատանքը։ ՀԱԻ գիտական քարտուղար, արշավախմբի համաղեկավար Աստղիկ Բաբաջանյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրման ու պեղումների աշխատանքները կատարվում են «Միջնադարյան ամրաշինությունը Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակներում և կշարունակվեն մինչև հունիսի 23-ը։ Հայ և իտալացի մասնագետները նաև քննարկել են ամրոցի պեղված հատվածների ամրակայման, ինչպես նաև Արուճի տաճարի տեխնիկական վիճակի գնահատման և գմբեթի վերականգնման հնարավորության հարցերը։
2025-06-12
Հունիսի 2-7-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվեց 14th International Congress on the Archaeology of the Ancient Near East (14th ICAANE) միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մերձավոր Արևելքի վաղ հնագիտությանը։ Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ռուբեն Բադալյանը, գիտաշխատողներ պ․գ․թ․ Արմինե Հարությունյանը, Մարիամ Սարիբեկյանը, Լևոն Աղիկյանը և Իվան Սեմյանը։ Մասնակիցները գիտաժողովի ընթացքում հանդես եկան Հայաստանի տարածքում վերջին տարիներին ուսումնասիրվող նեոլիթյան, խալկոլիթյան և վաղբրոնզեդարյան մի շարք հուշարձանների(Հաղարծին, Այրում, Թեղուտ, Եղեգիս-1, Կառնուտ, Ոսկեբլուր) պեղումների, Կուր-Արաքսյան մշակույթի տարածման և էքսպերեմենտալ հնագիտության զարգացման հայկական փորձի մասին զեկուցումներով։
2025-06-10
Մայիսի 28-30-ը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց աշխարհի ժողովուրդների էպոսների 8-րդ փառատոնին, որի շրջանակում տեղի ունեցավ էպոսագիտական միջազգային գիտաժողով։ Վերջինիս խորագիրն էր՝ «Էպոսի ունիվերսալ բնույթը. տիպաբանություն և բազային էթնիկ մոդելներ» միջազգային գիտա-գործնական սիմպոզիում, այն նվիրված էր «20-րդ դարի Հոմերոս» կոչված նշանավոր վիպասաց-ասացող Սայակբայ Կարալաևի 130-ամյակին։ Գիտաժողովի լիագումար նիստը նախագահում էր Տորք Դալալյանը։ Մասնակիցները ավելի քան 30 երկրներից ժամանած բանագետներ, էպոսագետներ և մշակութային մարդաբաններ էին։ Տ. Դալալյանի զեկուցումը վերաբերում էր հայ-կովկասյան էպոսների տիպաբանական առանձնահատկություններին։ Փառատոնի և գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցան շահեկան գիտական քննարկումներ, արվեցին համագործակցության առաջարկներ, մասնակիցներն այցելեցին Ղրղզական ազգային «Մանաս» թատրոն, տեղի ունեցան մշակութային այլ միջոցառումներ և այցելություններ։
2025-06-02
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի աջակցությամբ իրականացվող «Վիմագրման ավանդույթը Հայկական լեռնաշխարհում. Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար» ծրագրի շրջանակում (ղեկավար՝ պ.գ.թ. Արսեն Հարությունյան) վիմագրագիտական միջազգային աշխատաժողով է կայացել Ավստրիայի գիտությունների ակադեմիայում։ Աշխատաժողովը կազմակերպվել է ծրագրի օտարերկրյա գործընկեր՝ դոկտոր Անդրեաս Ռոբիի նախագահությամբ։ «Վիմագրությունը պատմական Հայաստանում» խորագրով աշխատաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ Արսեն Հարությունյանը (թեմա՝ Վիմագիր կազմելու ավանդույթը միջնադարյան Հայաստանում), Հին հնագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Հայկ Գյուլամիրյանը (թեմա՝ Հռոմեական լեգեոնները Հայաստանում՝ վիմագրերի լույսի ներքո) և Պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Վահե Սարգսյանը (թեմա՝ Վանի թագավորության գրավոր մշակույթը): Աշխատաժողովի ընթացքում հայ և օտարազգի մասնագետները ներկայացրել են վիմագրական ժառանգության տարբեր ժամանակաշրջանների առանձնահատկությունները՝ սկսած Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար։
2025-05-30
«Սասնա ծռեր» («Սասնա տուն», «Քաջանց տուն», «Ջոջանց տուն», «Դավիթ և Մհեր», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»…) էպոսի համահավաք նոր պատումի կազմման աշխատանքի վերաբերյալ հետաքրքիր բանախոսություն տեղի ունեցավ մայիսի 22-ին ՀԱԻ ընթերցասրահում՝ ամենամսյա Բանագիտական քննարկումների շրջանակում։ Էպոսագետ Հայկ Համբարձումյանը ներկայացրեց իր կազմած նոր համահավաքի սկզբունքները, կատարած աշխատանքի խութերն ու վայելքները։ Նոր համահավաք տեքստը հյուսված է մինչ այժմ տպագրված շուրջ 90 պատումների հիման վրա, ինչպես նաև օգտագործվել են Հովսեփ Օրբելու գլխավոր խմբագրությամբ կազմված առաջին համահավաքի (Երևան, 1939 թ.), Տիգրան Չիթունու հյուսած երկրորդ՝ «Սասունական» տարբերակի (Փարիզ, 1943 թ.) և Գրիգոր Գրիգորյանի ու իր գործընկերների պատրաստած վերջին տարբերակի (Երևան, 1993 թ.) տվյալները։ Բանախոսութան ավարտին ծավալվեց աշխույժ և օգտակար քննարկում, կարծիքների ու տեսակետների փոխանակում։
2025-05-23
Սույն թվականի մայիսի 21-ին ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ՎԳԱՀ - 2025 «Միգրացիա եվ նոր սփյուռքների ձևավորում. համեմատական ուսումնասիրություններ Հայաստանում եվ Վրաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտում տեղի ունեցավ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի և Վրաստանի գիտությունների ակադեմիայի Ջավախիշվիլիի անվան Պատմության, հնագիտության և ազգաբանության ինստիտուտի հետազոտական խմբերի միջև հանդիպում: Խմբի անդամները ներկայացրել են համատեղ հետազոտությունների ներկայիս իրավիճակը, փոխանակվել փորձառություններով և քննարկել առաջիկա ուսումնասիրությունների ուղիները: Վրացի գործընկերների հետ Հայաստան այցի շրջանակներում հանդիպումները շարունակվելու են:
2025-05-21