2026 թ․ հոկտեմբերի կեսերից Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը շարունակում է ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանի հարավային կողմում՝ Ողջի գետի աջափնյա անտառապատ տարածքում գտնվող հնավայրի պեղումները, որոնք սկսվել էին 2024 թ․։ Այս կարևոր աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Հնագիտական արշավախումբը ղեկավարում է հնագետ Գագիկ Սարգսյանը։ Արդեն պարզ է՝ հնավայրն իրենից ներկայացնում է Հին Կապան քաղաքը, որը հիշատակվում է 5-րդ դարից, իսկ 10-րդ դարում՝ 987 թվականին հիմնադրված Սյունիքի (Կապանի) թագավորության օրոք, դարձել է երկրամասի քաղաքական և մշակութային կենտրոնը՝ մայրաքաղաքը։ Պեղումները հիմնականում կատարվում են արքայանիստ միջնաբերդի և արքունական պալատի տարածքում։ Ինչպես գիտենք՝ դեռևս անցած 2025-ին հողի տակից բացվեցին վաղմիջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքերը։ Գտնվեց ձիթհանը, որի քարը պահպանվել է։ Այս տարի հնավայրի եզրին բացվել է նաև սրբատաշ քարից պատրաստված կրակարան-հնոց, որով, ըստ հնագետների նախնական վարկածի, տաքացվել է բաղնիքի ջուրը։ Հնագետների կարծիքով՝ այս կողմում եղել են բաղնիքներ ու այլ տնտեսական կառույցներ։ Հնավայրն ամբողջությամբ պատված է ծառերով։ Վերջին պեղումների ընթացքում պեղավայրից հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ, որն արդեն հանձնվել է Կապանի երկրագիտական թանգարանին։ Գտնվել են նաև մագաղաթյա մատյանի կազմի փակիչի մասեր։ Նոյեմբերի 10-ին հողի շերտի տակից գտնվել են մետաղյա 2 դրամ, միջնադարյան ապակու բեկոր, նույն ժամանակի մի քանի երկաթյա մեխ-գամ, ինչպես նաև կավե ամանների բեկորներ։ Հնագետ Գ․ Սարգսյանը տեղեկացրեց՝ մոտ օրերս կավարտվեն այս տարվա աշխատանքները։ Եղանակային պայմաններն այժմ նույնպես խանգարում են։ Պատմական այս քաղաքից ոչ հեռու է Սյունիքի հզոր ամրոցներից Բազաբերդը՝ Ողջիի ձախ ափին։ Սյունիքի մայրաքաղաքը, ըստ Ստեփանոս Օրբելյանի, ավերվել է 1126 թվականին Ամիր Հարունի հրամանատարությամբ՝ սելջուկյան արշավանքների հետևանքով, սակայն թագավորությունն արդեն Բաղաբերդ անառիկ ամրոցի շնորհիվ, գոյատևել է մինչև 1170 թվականը՝ լինելով Մեծ Հայքի վերջին անկախ հայկական թագավորությունը։
2026-11-16
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Սահմանամերձ մշակութային ժառանգություն. փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնի հայագիտության բաժինը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Միջոցառմանն աջակցել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (ծրագիր N 23RL-6A006) և Զալցբուրգի համալսարանը։ Գիտաժողովի առաջին օրը ներառել է երեք թեմատիկ նիստ։ Առաջին՝ «Ժառանգությունը սահմաններից այն կողմ» խորագրով նիստը, նախագահությամբ Հայկուհի Մուրադյանի (IACHS), մեկնարկել է ավստրիացի մասնագետներ Աննա Կայզերի, Մանֆրեդ Միտլբյոկի և Յոզեֆ Այտլերի զեկուցումներով։ Երկրորդ՝ «Հնագիտությունը և սահմանամերձ շրջանները» խորագրով նիստը, որը նախագահել է Յասմին Դում-Տրագուտը, ընդգրկել է Համլետ Պետրոսյանի, Անուշ Սաֆարյանի, Համազասպ Աբրահամյանի և Գայանե Ըռքոյանի զեկուցումները։ Երրորդ՝ «Փաստագրում և հնագիտություն» նիստի ընթացքում, Աննա Կայզերի նախագահությամբ, իրենց հետազոտություններն են ներկայացրել Ռուբեն Գալիչյանը, Հյուլե Քեչիչյանը և Ֆրանսիայից ժամանած Սիփանա Չաքերյանը (RePaZ նախաձեռնություն): Յուրաքանչյուր զեկուցում ուղեկցվել է հարցուպատասխանով և մասնագիտական քննարկումներով՝ հնարավորություն ընձեռելով անդրադառնալու ներկայացված հետազոտությունների տարբեր կողմերին և մտքեր փոխանակելու մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրների շուրջ։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև հոկտեմբերի 30-ին:
2026-10-28
Հոկտեմբերի 22-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) մեկնարկել է հայ նշանավոր հայագետ, պատմաբան Գևորգ Տիրացյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը՝ «Ուրարտու – Հայաստան (պետականության և մշակույթի խնդիրներ)» խորագրով։ Գիտաժողովին մասնակցում էին ոլորտի ճանաչված գիտնականներ՝ հնագետներ, պատմաբաններ, բանասերներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված մասնագետներ։ Ներկաների թվում էր նաև ֆրանսահայ անվանի պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Գիտաժողովի մեկնարկից առաջ առաջին նիստի նախագահող, պատմական գիտությունների դոկտոր Գարեգին Թումանյանը հակիրճ ներկայացրեց Գևորգ Տիրացյանի գիտական վաստակն ու մարդկային կերպարը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը և ՀԱԻ աշխատակից, պ.գ.դ. Արմեն Պետրոսյանը։ Իրենց ելույթներում նրանք արժևորեցին Գևորգ Տիրացյանի նշանակալի ներդրումը գիտության զարգացման գործում՝ ընդգծելով նրա դերը որպես ականավոր գիտնականի, ղեկավարի և գործընկերոջ։ Առաջին նիստը նախագահում էր Գարեգին Թումանյանը։ Պ.գ.դ. Պավել Ավետիսյանը (ՀԱԻ) ներկայացրեց «Բազմակենտրոն քաղաքական համակարգերի բնութագրության շուրջ (Էթիունիի քաղաքական լանդշաֆտն ըստ հնագիտական տվյալների)» զեկուցումը։ Պ.գ.դ. Արմեն Պետրոսյանի (ՀԱԻ) «Արմավիր, անուն, առասպել և պատմություն» զեկուցումը նվիրված էր Հայոց Արմավիր քաղաքի պատմությանն ու անվան ստուգաբանությանը։ ՀԱԻ գիտաշխատողներ, պ.գ.թ. Սիմոն Հմայակյանի և Նվարդ Տիրացյանի համահեղինակած՝ «Կրոնական քաղաքականությունից մի դրվագ Վանի թագավորությունում (համաձայն արմավիրյան երկու արձանագրությունների)» զեկուցումը ներկայացրեց Սիմոն Հմայակյանը, ով երկար տարիներ ուսումնասիրում և պեղումներ է իրականացնում Նոր Արմավիր գյուղի տարածքում գտնվող դամբարաններում։ Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի ներկայացուցիչ, բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյանը հանդես եկավ «Անահիտ-Աստղիկ դիցուհին․ հնագույն ակունքներն ու վերապրուկները» զեկուցմամբ։ Երկրորդ նիստը նախագահում էր պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը (ՀՊՄՀ, ԷԹ)։ Նիստի առաջին զեկուցումը՝ «Մեծամորը Վանի թագավորության (Ուրարտու) շրջանում (մ. թ. ա. VIII–VI դարեր)», ներկայացրեց հենց նախագահողը՝ անդրադառնալով Մեծամոր հնավայրին։ Արվեստագիտության դոկտոր, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, հնագետ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց իր և համահեղինակ Մերի Սաֆարյանի «Մեկ կրոմլեխի մեջ ներառված էթիունյան և ուրարտական կավանոթներով Կարմիր բլուրի 101 և 101ա դամբարանները» զեկույցը։ ԵՊՀ-ի և ՀԱԻ-ի ներկայացուցիչներ՝ պ.գ.դ Հայկ Ավետիսյանի, պ.գ.թ. Արտակ Գնունու և Ատոմ Անանյանի համահեղինակած «Արամուսի կարասային սրահը» զեկուցումը, որը նվիրված էր Արամուսի ամրոցին, ներկայացրեց Արտակ Գնունին։ Հայաստանի տարածքում սկյութական ներկայությանն ու հնագիտական նյութին էր նվիրված պ.գ.դ. Գարեգին Թումանյանի «Հայաստանի սկյութական մեծաքանակ բնորոշիչ հատկանիշներով դամբարանները և դրանց փոխառնչությունները» զեկուցումը։ Առաջին օրվա երկրորդ նիստն ավարտվեց ՀԱԻ երիտասարդ գիտաշխատողներ, պ.գ.թ. Տիգրան Ալեքսանյանի, Արտակ Հաղվերդյանի և Հարություն Բադալյանի համահեղինակած՝ «Քաջարանի նորահայտ դամբարանադաշտը Սյունիքի երկաթեդարյան մշակույթի համատեքստում» զեկուցմամբ, որը ներկայացրեց Հարություն Բադալյանը։ Զեկուցման ընթացքում Հ. Բադալյանը տեղեկացրեց, որ Քաջարանի հանքավայրի տարածքում գտնվող դամբարաններից մեկը տեղափոխվել և նույնությամբ վերակառուցվել է Կապանի երկրագիտական թանգարանի բակում։ Օրվա ավարտին տեղի ունեցավ ներկայացված զեկուցումների քննարկում։ Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 23-ին:
2026-10-22
Սեպտեմբերի 28-ին Երևանում մեկնարկել է եռօրյա «Մագմայից մինչև արտեֆակտ․ օբսիդիանի երկրաբանությունն ու հնագիտությունը» թեմայով միջազգային օբսիդիանի կոնֆերանս IOC-2026-ը։ Այն միջազգային IOC գիտական կոմիտեի հետ Հայաստանում կազմակերպել են Երկրաբանական գիտությունների ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտները։ Առաջին օրը տարբեր երկրներից Երևան ժամանած գիտնականներին ողջունեցին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը և Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։ Մինչ առաջին նիստի սկսելը, մասնակիցներն այցելել էին Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարան։ Առաջին նիստը նախագահեց ՀԱԻ գիտաշխատող, հնագետ Ռուբեն Բադալյանը, ով նաև հանդես եկավ «Օբսիդյանի օգտագործումը Հարավային Կովկասում (Հայաստան)․ ծագուբնաբանության ուսումնասիրության պատմությունն ու արդյունքները» զեկույցով։ Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց «Օբսիդյանի երկրաքիմիական կառուցվածքը Հայկական լեռնաշխարհում» զեկույցը։ Արտերկրից եկած գիտնականների կողմից եղան ելույթներ՝ նվիրված նաև ՀՀ Արարատի մարզի Հայանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող Կուր-Արաքսյան մշակույթի բնակատեղի Ոսկեբլուրին։ Գիտաժողովի 2 օրերի ընթացքում զեկույցներով հանդես եկան մոտ 40 հնագետ ու երկրաբան աշխարհի տարբեր երկրներից՝ Հունգարիա, ԱՄՆ, Հայաստան, ՌԴ, Կիպրոս, Վրաստան, Ավստրալիա, Ճապոնիա, Ֆրանսիա և այլն։ Գիտաժողովի երրորդ օրը նախատեսված է իրականացնել Էքսկուրսիաններ ՀՀ տարբեր վայրերում, որտեղ կան օբսիդիանի հանքեր։
2026-10-01
2026 թ. սեպտեմբերի 14-ից 18-ը Վարշավայի համալսարանը հյուրընկալեց Սևծովյան հնությունների 8-րդ միջազգային կոնգրեսը, որը Սև ծովի տարածաշրջանի հնագիտությանն ու պատմությանը նվիրված ամենակարևոր միջազգային գիտական միջոցառումներից է։ Այս տարվա կոնգրեսը նվիրված է ականավոր գիտնական և այս շարքի նախաձեռնողներից մեկի՝ Գոչա Ռ. Ցեցխլաձեի հիշատակին։ Կոնգրեսը միավորեց ավելի քան 100 հետազոտողի՝ Եվրոպայի և աշխարհի այլ մասերի ավելի քան 20 առաջատար գիտական կենտրոններից։ Միջոցառման աշխատանքները կկենտրոնանան «Ընդհանուր միտումներ և տեղական ավանդույթներ Սև ծովի տարածաշրջանում (մ.թ.ա. 7-րդ դար – մ.թ. 5-րդ/6-րդ դարեր)» թեմայի շուրջ։ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը, որի ելույթի թեման էր «Հունահռոմեական մշակույթի ազդեցությունը հայ-պոնտական պատկերագրության վրա»։ Միջոցառումը ուղեկցվեց նաեւ թանգարանային մի շարք էքսկուրսիաներով եւ նոր համագործակցող երկրների ներգրավմամբ։ Մանրամասները կարող էք դիտել ստորեւ հղմամբ՝https://crac.uw.edu.pl/8th-international-congress-on-black-sea-antiquities/
2026-09-22
Օգոստոսի 24–29-ը Վիեննայի համալսարանում անցկացվում է Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսը (25th International Congress of Byzantine Studies)՝ «Byzantium beyond Byzantium» («Բյուզանդիան Բյուզանդիայից այն կողմ») խորագրով։ Բյուզանդագիտության խոշորագույն միջազգային գիտական համաժողովներից մեկին այս տարի մասնակցում են շուրջ 1500 գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Կոնգրեսում զգալի է Հայաստանից ժամանած գիտնականների, ինչպես նաև հայագիտությամբ զբաղվող օտարերկրյա մասնագետների ներկայությունը։ Օգոստոսի 25-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ «Echoes of Classical Antiquity: The Reminiscences of the Carved Gems in the Iconographic Program of Cilician Armenian Miniatures» («Դասական անտիկության արձագանքները. փորագիր գեմմաների վերապրուկները Կիլիկյան հայկական մանրանկարների պատկերագրական ծրագրում») զեկույցով։ Զեկույցը նվիրված էր անտիկ փորագիր գեմմաների պատկերագրության և Կիլիկյան հայկական մանրանկարչության միջև հնարավոր առնչություններին։ Մի շարք պատկերագրական մոտիվների կառուցվածքային և հորինվածքային համապատասխանությունների հիման վրա քննարկվեցին անտիկ պատկերագրական ավանդույթի փոխանցման ուղիները և այն հնարավորությունը, որ առանձին դեպքերում փորագիր գեմմաները կարող էին անմիջական պատկերագրական օրինակ ծառայել միջնադարյան հայ մանրանկարիչների համար։ Զեկույցը ներկայացվեց բյուզանդական պատմության ճանաչված մասնագետ Յոհաննես Պրայզեր-Կապելլերի (Johannes Preiser-Kapeller) նախագահությամբ անցկացված նիստում։ Արմինե Գաբրիելյանի մասնակցությունը կոնգրեսին իրականացվել է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (H. Hovnanian Family Foundation Armenia) ֆինանսական աջակցությամբ։
2026-08-29