Հուլիսի 14-18-ին մասնակցեցինք Հիշողության Ուսումնասիրությունների Ասոցիացիայի (Memory Studies Association) 9-րդ ամենամյա համաժողովին, որը տեղի ունեցավ Պրահայում՝ քաղաք, որի պատմական շերտերը, քաղաքական անցյալն ու մշակութային միջավայրը յուրահատուկ հարթակ էին ստեղծում հիշողության խնդիրների վերաբերյալ համատեղ մտածելու համար։ Համաժողովը, որին մասնակցում էին 1200 զեկուցողներ՝ բոլոր մայրցամակներից, տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ հիշողության դաշտը վերաիմաստավորման փուլում է՝ ինչպես ակադեմիական կենտրոնների աշխարհագրական բազմազանությամբ, այնպես էլ հետազոտության նոր թեմատիկ ուղղություններով պայմանավորված։ Հիշողության ուսումնասիրության ոլորտում գրեթե բոլոր անվանի գիտնականների մասնակցությամբ՝ քննարկվում էին հիշողության ուսումնասիրման խոսույթներիվերաձևավորման նոր ուղիներ՝ հատկապես գլոբալ ճգնաժամերի, պատերազմների, բռնի տեղահանությունների և ժողովրդավարական ինստիտուտների թուլացման համատեքստում։ Միջազգայնորեն կարևորվող մի շարք հիշարժան տարեդարձերի (Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ՝ 1945, Վիետնամի պատերազմի ավարտ՝ 1975), ցեղասպանությունների և կոտորածների տարելիցների (Սրեբրենիցա (Բոսնիա)՝ 1995, Սուդան՝ 2005) և ընթացիկ կոնֆլիկտների (Ուկրաինական պատերազմ, Գազայի կոնֆլիկտ) ֆոնին՝ մեր նպատակն էր բարձրաձայնել արցախյան կոնֆլիկտի և էթնիկ զտման անտեսված խնդիրը, վերլուծել, թե ինչպես են արցախցի տեղահանվածները, զրկված լինելով միջազգային ճանաչումից և կենսագրական «իրավականությունից», շարունակում դիմակայել՝ հիշողության միջոցով վերակառուցելով իրենց անհատական և հավաքական ներկան։ Այս շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցների խումբը (Գայանե Շագոյան, Ռուզաննա Ծատուրյան, Գոհար Ստեփանյան, Զարուհի Համբարձումյան, Հասմիկ Կնյազյան, Շուշանիկ Սարատիկյան) հանդես եկավ պանելային քննարկմամբ՝«Շրջանակելով շարունակվող ճգնաժամը Արցախում/Ղարաբաղում․ հիշողությունը՝ կենսագրության փոխարեն» վերտառությամբ, որը նվիրված էր Արցախի/Լեռնային Ղարաբաղի 2020 և 2023 թթ. պատերազմների և դրանց հաջորդած հարկադիր տեղահանության հիշողության անդրադարձին։ Պանելում ներկայացված էր 5 հետազոտություն, որոնք հարցադրում էին՝ ինչպե՞ս է կոլեկտիվ հիշողությունը դառնում պատկանելիության ձևավորման առանցք՝ այն դեպքերում, երբ անձնական կենսագրությունը դառնում է իրավազուրկ կամ «քրեականացված» պետական դիսկուրսներում։ Քննարկվեցին հիշողության նյութականության (Գոհար Ստեփանյան, Արցախցիների ինքնության փաստաթղթերը և բռնի տեղահանությունը 2023-ին) ու վիրտուալ արխիվացման (Հասմիկ Կնյազյան, Մարտահրավեր ջնջմանը․ թվային արխիվացումը «ներքևից» և մշակութային հիշողության հաստատումը 2023 թ․ բռնի տեղահանությունից հետո) նախաձեռնությունները, Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակման հուշապատումները (Ռուզաննա Ծատուրյան, Հիշելով դիմացկունությունը և դիմադրությունը։ Դիմակայունության պրակտիկաները), ինչպես նաև՝ այն մեթոդաբանական և էթիկական խնդիրները, որոնք առաջանում են դեռևս չգրված բռնի միգրացիայի պատմությունը վերհանելու փորձերի ընթացքում (Զարուհի Համբարձումյան, Շուշան Սարատիկյան)։ Ժամանակի սղության պատճառով պանելի ավարտին քննարկո՞ւմ թե վերջին զեկուցում ընտրության մեջ պանելը վարող Գայանե Շագոյանի սիրահոժար նախաձեռնությամբ նախապատվությունը տրվեց հարցերին և քննարկմանը, որի հետևանքով նրա՝ Գայանե Շագոյանի «Շրջանակելով կոլեկտիվ տրավման․ բռնի տեղահանությունը Ղարաբաղից և ցեղասպանության մասին հիշողությունը» վերտառությամբ ուշագրավ զեկուցումը, ցավոք, չներկայացվեց։ Դրան որոշակի անդրադարձներ եղան իր Բացման խոսքում և հարց-պատասխան բաժնում՝ արցախյան խնդրի պատմական և սոցիալական համատեքստի ներկայացման շրջանակում։
2025-07-24
2025 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում մեկնարկեց «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» միջազգային թանգարանային կոնֆերանսը։ Միջոցառումը մեկ հարթակում համախմբեց Հայաստանի, Չինաստանի, Վրաստանի թանգարանների ներկայացուցիչներին, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի կենտրոնի, Չինաստանի մշակութային ժառանգության ազգային բյուրոյի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ին առընթեր գիտական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին։ Կոնֆերանսի կազմակերպիչներն են «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Հայաստանի պատմության թանգարանն ու «Գոտի և ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիան։ Բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար, պ.գ.դ. Պավել Ավետիսյանը։ Զեկույցով հանդես եկավ ՀԱԻ գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանը՝ ներկայացնելով «Հայաստան–Չինաստան հարաբերություններ. Հայաստանում Մետաքսի ճանապարհի ընթացիկ հնագիտական ուսումնասիրություններն ու համագործակցությունները» թեմայով զեկույց։
2025-07-22
Սույն թվականի հուլիսի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում անցկացվեց Ռուսաստանի մարդաբանների և ազգաբանների XVI միջազգային համագումարը (XVI Конгресс антропологов и этнологов России (XVI КАЭР))։ Միջոցառումը երկխոսության հարթակ էր Ռուսաստանի տարածաշրջանային և մասնագիտացված գիտական կենտրոնների գիտնականների և արտասահմանյան մարդաբանների ու ազգագրագետների միջև։ Համագումարին մասնակցել է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Նելլի Խաչատուրյանը՝ ներկայացնելով զեկույց “Էթնոկրոնական ինքնության ֆենոմենի ուսումնասիրության առանձնահատկությունները ժամանակակից հասարակությունների վերափոխման համատեքստում” (Особенности изучения феномена этнорелигиозной идентичности в контексте трансформации современных обществ) թեմայով ( համահեղինակությամբ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Ռ. Կարապետյանի)։ Զեկույցը նախապատրաստվել է ՀՀ ԿԳՄՍՆ ՀՀՀԳ 2024 24SSAH-6A008 ծածկագրով «Էթնիկ եւ կրոնական բաղադրիչների փոխազդեցությունը սփյուռքահայերի ինքնության մեջ. խնդիրներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակում։ Համագումարին մասնակցության արդյունքում նաև համաձայնություն ձեռք բերվեց Համագործակցության մասին պայմանագիր կնքելու ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի միջև։
2025-07-17
Հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի(ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ հերթական դոկտորական ատենախոսության պաշտպանությունը՝ «Սևանի ավազանի կենսահնագիտությունը (Միջին և ուշ բրոնզի դարաշրջաններ)» թեմայով։ ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստում ատենախոսությամբ հանդես եկավ Ռուզաննա Մկրտչյանը։ Ատենախոսությունը նվիրված է Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան բնակչության մարդաբանական տիպի, ժողովրդագրական պատկերի, կենսակերպի, սննդակարգի, թաղման ծեսի առանձնահատկությունների վերակազմությանն՝ ըստ գանգաչափական, ոսկրաչափական, սեռատարիքային և ատամնաախտաբանական հատկանիշների: Ընդդիմախոսությամբ հանդես եկան ` պ. գ. դ., պրոֆեսոր Հայկ Գրիգորի Ավետիսյանը, պ. գ. դ. Գարեգին Սահակի Թումանյանը և ա.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Երվանդի Սիմոնյանը։ Ատենախոսության առաջատար կազմակերպությունն է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ն։ Ընթացքում եղան այլ ելույթներ ևս։ Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Ռ․ Մկրտչյանի աշխատանքը։
2025-06-27
Ավարտվեց «ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» թեմայով գիտաժողովը, որը կազմակերպել էին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության գ/հ խումբը Արդիական մարդաբանության բաժնի աշխատակիցների հետ: Երկու օր այն ընթացավ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, մեկ օր՝ Երևանում, քաղաքական բռնությունների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում: Գիտաժողովի առաջին և երկրորդ նիստերի ելույթները ներկայացրեցին քաղաքական բռնությունների առանձին դրվագներ Խորհրդային Հայաստանում՝ կոլխոզների ձևավորման ընթացքում գյուղացիական դիմադրական շարժումների ճնշումից մինչև 1949թ. հայերի դեպորտացիան Սևծովյան ավազանի խորհրդային հանրապետությունների տարածքից: Այս նիստին համշենցի հայերին աքսորելու դրվագը ներկայացնելիս գիտաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքը վավերացրին 1944թ. աքսորված և մինչև այսօր աքսորավայրից հայրենադարձման իրավունք չնվաճած համշենցի հայերի աքսորավայրի կյանքը հետազոտած մեր գործընկեր Սերգեյ Վարդանյանի հիշատակին: Նիստերի ընթացքում քննարկվեցին նաև ոչ այնքան ակնհայտ բռնությունների ձևերը՝ ըհնդհուպ մինչև անձի և խմբի ինքնության ընտրության իրավունքի խնդիրը ԽՍՀՄ պաշտոնական մարդահամարների ընթացքում: Մի շարք զեկուցումներով ներկայացվեցին բռնությունների ընթացքում կիրառված պաշտոնական, վարչարարական, և խոսակցական, ինչպես նաև լրագրողական «լուսաբանող», իրականում բռնությունների ընթացքը նախապատրաստող և խրախուսող լրատվամիջոցների լեզուն: Ամփոփիչ ելույթ էր 1920-1953թթ. ընթացքում Խորհրդային Հայաստանում բռնադատվածների էթնո-սոցիալական կազմի ներկայացումը ըստ ՀՀ Ազգային արխիվի նյութերի: Երրորդ նիստը տեղի ունեցավ «Ստալինյան ցուցակներով» 1937թ. գնդակահարության դատապարտված Ակսել Բակունցի տուն թանգարանում: Այս նիստում ներկայացվեցին քաղաքական բռնությունների զոհերի մասնավոր դեպքերի պատմություններ՝ թե որպես կենսագրության էջ, թե որպես հիշաղություն, իսկ գլխավորը՝ որպես քաղաքական բռնության ընդհանուր բնոււթագրի մաս: Գիտաժողովի կազմը հունիսի 13-ին մասնակցեց Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակի՝ Գորիս քաղաքում նշվող տոնահանդեսին: Հունիսի 14-ին՝ ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված «Բռնադատվածների հիշատակի օր»-ը գիտաժողովի մասնակիցները այցելեցին ԽՍՀՄ քաղաքակական բռնությունների զոհերի Երևանում գտնվող հուշահամալիր, հավաքվածներին ներկայացրին ստալինյան ցուցակներով Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում դատապարտվածների քանակական և որակական առանձնահատկությունը, և հնչեցրին 1936-1938 թթ. Հայաստանում գնդակահարության դատապարտվածներից 200-ի անունները: Գիտաժողովի զեկուցումներին կարելի է ծանոթանալ այս հղումով. https://www.youtube.com/playlist?list=PLclo6JyCE6xmbAfVBM2mZSUvf2lUUQEjw
2025-06-15
Հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) 34-րդ սենյակում տեղի ունեցավ Ճարտարապետական մոդելավորման գիտական խմբի հերթական սեմինարը՝ «Ինֆրակարմիր պատկերների կիրառումը հնագիտության մեջ» թեմայով։ Զեկուցմամբ հանդես եկավ Արշալույս Մկրտչյանը՝ ներկայացնելով ինֆրակարմիր պատկերների կիրառության մեթոդաբանությունը հնագիտական հետազոտություններում։ Սեմինարը եզրափակվեց հետաքրքիր քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին հարցերով, փորձով և առաջարկներով։
2025-06-12