Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

«Էպոս, ինքնություն և մշակույթ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողով

«Էպոս, ինքնություն և մշակույթ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողով

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ՝ հունիսի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում մեկնարկեց «Էպոս, ինքնություն և մշակույթ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրության 150-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին հետազոտողներ և արվեստագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Աբխազիայից, Կալմիկիայից, Թուրքիայից, Հոլանդիայից:   Գիտաժողովի մասնակիցներին բացման խոսքով ողջունեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը՝ կարևորելով էպոսի դերը և դրան նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպումը: Ապա ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տ․գ․դ․ Յուրի Սուվարյանը, «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ի նախագահ, պ․գ․դ․, պրոֆեսոր Արման Եղիազարյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոֆեսոր, բ.գ.դ. Ազատ Եղիազարյանը, UCLA համալսարանի դասախոս, պրոֆեսոր Պիտեր Քաուին: Լիագումար նիստի վարող, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ողջունողներին` գիտաժողովի կազմակերպմանը օժանդակելու համար:   Գիտաժողովի առաջին օրը ներկայացվեցին 12 գիտական զեկույցներ, իսկ օրն ամփոփվեց «Շողակաթ» հ/ը նկարահանած «Գրոց և Բրոց հետքերով» տեսաֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Հայկ Համբարձումյան, ռեժիսոր՝ Վահե Սուքիասյան, օպերատոր՝ Վահե Աղամյանը)։ «Էպոս, ինքնություն և մշակույթ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը կշարունակվի նաև հոկտեմբերի 12-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նիստերի դահլիճում: Հասցե՝ Չարենց 15

2024-10-13

Բանախոսություն «Ֆոտոգրամետրիան հնագիտության ոլորտում» խորագրով

Բանախոսություն «Ֆոտոգրամետրիան հնագիտության ոլորտում» խորագրով

Հոկտեմբերի 10-ին ԱՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական սեմինարը։ ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի կազմակերպմամբ՝ «Ֆոտոգրամետրիան հնագիտության ոլորտում» թեմայով հանդես եկավ Սոսե Աղայանը։  Բանախոսը ներկայացրեց հնավայրերի ուսումնասիրությունների, պեղումների ընթացքում կատարվող լուսանկարահանման խնդիրները, ֆոտոգրամետրիայի տեսակները և այլն: Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, ահանդես եկան առաջարկներով:

2024-10-10

ՀԱԻ Բանագիտության բաժնի աշխատակիցներ Նվարդ Վարդանյանն ու  Լուսինե Հայրիյանը մասնակցել են «Կոմիտասի ժառանգությունը պատմական և ժամանակակից հետազոտական տեսանկյուններից» միջազգային գիտաժողովին

ՀԱԻ Բանագիտության բաժնի աշխատակիցներ Նվարդ Վարդանյանն ու Լուսինե Հայրիյանը մասնակցել են «Կոմիտասի ժառանգությունը պատմական և ժամանակակից հետազոտական տեսանկյուններից» միջազգային գիտաժողովին

Հոկտեմբերի 7-8-ին Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում տեղի ունեցավ «Կոմիտասի ժառանգությունը պատմական և ժամանակակից հետազոտական տեսանկյուններից» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանը՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պատվո հովանու ներքո։ Գիտաժողովում համատեղ զեկույցով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ Նվարդ Վարդանյանը և նույն բաժնի գիտաշխատող Լուսինե Հայրիյանը: Զեկուցման թեման էր՝ «Ռազմաճակատի երգերը 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմում. ավանդականից ժամանակակից դրսևորումներ»: Զեկուցումը նվիրված էր 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Ելույթից առաջ հայ և օտարազգի ունկնդիրները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմի զոհերի հիշատակը: Զեկուցման ժամանակ գիտական քննությամբ ներկայացվեցին մարտադաշտում երգված ռազմի, հայդուկային, գուսանական և հեղինակային երգերը, ինչպես նաև ներկայացվեցին հատվածներ պատերազմի ժամանակ կատարված սիրողական տեսագրություններից: Հետազոտությունը կատարվել էր ՀՕՖ–ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) աջակցությամբ:

2024-10-10

Բանախոսություն՝ ՙՙԱշխարհի բանահյուսության և դիցաբանության տվյալների բազայի ուղու վրա՚՚ խորագրով

Բանախոսություն՝ ՙՙԱշխարհի բանահյուսության և դիցաբանության տվյալների բազայի ուղու վրա՚՚ խորագրով

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում ՙՙԲանագիտական քննարկումների՚՚-ի շրջանակում տեղի ունեցավ ՙՙԱշխարհի բանահյուսության և դիցաբանության տվյալների բազայի ուղու վրա՚՚  բանախոսությունը: Ներկա էին ՀԱԻ աշխատակիցներ, ոլորտով հետաքրքրվողներ և այլք: Բանախոսությամբ հանդես եկավ ՌԴ ԳԱ Մարդաբանության և ազգագրության թանգարանի (Կունտսկամերա) Ամերիկայի բաժնի վարիչ, պ.գ.դ Յուրի Բերեզկին:

2024-10-03

Գիտության շաբաթ Երևանում

Գիտության շաբաթ Երևանում

Հոկտեմբերի 1-ին Երևանում՝ Ազատության հրապարակում, մեկնարկեց Գիտության շաբաթը, որը կրում է «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագիրը։ Նախաձեռնության նպատակն է՝ համատեղ ջանքերով գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնել առաջնահերթություն և զարգացման գլխավոր գործիք։ Միջոցառումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի(ԳԱԱ) հետ համագործակցությամբ:  Ազատության հրապարակում տարբեր գիտական կառույցներ՝ հիմնականում ՀՀ ԳԱԱ-ի ենթակայությամբ գործող, ունեն առանձին տաղավարներ և ներկայացնում են իրենց ոլորտը։ Առանձին տաղավար ունի նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը(ՀԱԻ)։ Ներկայացված էին ՀԱԻ կողմից հրատարակված գիտական գրքեր, պատրաստված էջանշաններ, պեղումներից հայտնաբերված նյութեր։ Տաղավարի կողքին գործում է նաև ուսումնական պեղավայր՝ հատկապես երեխաների համար։ Այցելուներին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործունեության, կատարած աշխատանքներին էին ծանոթացնում ՀԱԻ աշխատակիցներ Մարիամ Ամիրյանը, Ռաֆիկ Գաբրիելյանը, Վիկտորյա Վասիլյանը, Համլետ Մկրտչյանը։ ՀԱԻ տաղավարը կգործի նաև հոկտեմբերի 2-ին։

2024-10-01

Կլոր սեղան-քննարկում՝ «Պատմություն և հիշողություն․ Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը և հեռանկարի ուրվագծումը»  թեմայով

Կլոր սեղան-քննարկում՝ «Պատմություն և հիշողություն․ Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը և հեռանկարի ուրվագծումը» թեմայով

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի նախաձեռնությամբ կայացավ կլոր սեղան-քննարկում՝ «Պատմություն և հիշողություն․ Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը և հեռանկարի ուրվագծումը» թեմայով։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, որին մասնակցել են բաժնի աշխատակիցներ Մ․ Գալստյանը, Գ․ Աթանեսյանը, Գ. Հակոբյանը և Լ. Անգելուշը։ Հետազոտությունն անցկացվել է սահմանամերձ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում։ Ծրագրի նպատակն է դուրս բերել Արցախյան երկրորդ պատերազմի հիշողության կառուցման դերակատարներին (պետություն, քաղաքացիական հասարակություն, լոկալ խմբեր և անհատներ) և նրանց կողմից հուշարձանների տեղադրման շարժառիթները, վայրերն ու այնտեղ իրականացվող հիշատակման պրակտիկաները: Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին նշված բաժնի աշխատակիցները, ՀԱԻ գիտաշխատողներ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոսներ։ Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի վարիչ, պ․գ. դ․ Միհրան Գալստյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ ծրագրի ընթացքին և արդյունքներին։ Այնուհետև նույն բաժնի գիտաշխատող, ծրագրի ղեկավար, պ․գ․թ․ Գարիկ Աթանեսյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները, պատերազմի ու զոհերի հիշատակման ուսումնասիրման խնդիրներն ու խոչընդոտները։Քննարկման ընթացքում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, հանդես եկան առաջարկներով։

2024-09-30