Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագրով եռօրյա գիտաժողովը, որը նվիրված է Գագիկ Գինոսյանի հիշատակին: Մեծ է Գ. Գինոսյանի վաստակը հայ ժողովրդական պարերը վերակենդանացնելու, վերամշակելու և իր խոսքերով ասած՝ ժողովրդին վերադարձնելու գործում: Հայրենիքի նվիրյալ զավակի հիշատակին նվիրված գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ)՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ Գիտաժողովը բացեց և հակիրճ խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանը: Այնուհետև Ողջույնի խոսք ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տ․գ․դ․ Յուրի Սուվարյանը։ Գագիկ Գինոսյանի ավանդն արժևորեց և ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ, ա. գ. թ. Նարիա Կիլիկչյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ նաև հայ պարագիտության արդի խնդիրներին: Այնուհետև լիագումար նիստը, որն ընդգրկում էր տարբեր ուղղվածություն ունեցող զեկուցումներ, վարում էր ՀԱԻ փոխտնօրեն, բ․գ․թ․ Տորք Դալալյանը, ով համառոտ ներկայացրեց նաև գիտաժողովի հղացման գաղափարը: ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության գ/հ խմբի ղեկավար, պ.գ.դ., պրոֆ․ Համլետ Պետրոսյանը ներկայացրեց «Պարը և խնջույքն ըստ միջնադարյան դրոշմազարդ կարասների և տապանաքարային պատկերաքանդակների» զեկույցը: Իր խոսքում Հ. Պետրոսյանն անդրադարձավ նաև Գ. Գինոսյանի՝ մարդ-արվեստագետ-ազատամարտիկ կերպարին: Բ.գ.թ. Նվարդ Վարդանյանը ներկայացրեց «Շրջանի խորհուրդը ժողովրդական խաղերի, հայրենական կլոր պարերի և ծիսերգերի համատեքստում» զեկույցը: Ա.գ.թ., «Կարին»-ի անդամ Անի Հակոբյանի զեկույցը նվիրված էր առանցքային մի խնդրի՝ «Ինքնությունից պար, թե՞ պարից ինքնություն»: Ուշագրավ մեկ այլ նյութ՝ «Եվրոպական պարերը և հայ իրականությունը (18-րդ դար - 1930-ական թթ.)», ներկայացրեց Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արծվի Բախչինյանը: Գիտաժողովի շրջանակում այսօր կայացավ ևս չորս նիստ՝ «Պար և ազգագրական միջավայր» (նիստավար` Սուրեն Հոբոսյան), «Ավանդական պարի բեմականացում» (նիստավար` Նվարդ Վարդանյան), «Գագիկ Գինոսյանը՝ պարագետ և պարակերտիչ» (նիստավար` Հռիփսիմե Պիկիչյան), «Պարը և ծեսը հնագույն պատկերագրության մեջ» (նիստավար` Հասմիկ Գալստյան): Պարագիտական գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են սեպտեմբերի 28-ին և 29-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նիստերի դահլիճում (հասցեն՝ Չարենցի փ․, 15)։
2024-09-27
Սեպտեմբերի 21-ին Արարատի մարզի Լանջանիստ գյուղի մոտ գտնվող Սպիտակ վանք կոչվող սրբավայրի տարածքում կատարվեց Սուրբ Պատարագ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ։ Հոգևոր արարողությանը ներկա էին տասնյակ ուխտավորներ Արարատի մարզի տարբեր բնակավայրերից։ Այստեղ, դեռևս 2021 թվականին, հնագետներ Արտակ Գնունու, Անժելա Գնունի-Թադևոսյանի, Լևոն Մկրտչյանի և Գագիկ Սարգսյանի կողմից կատարվել էին տարածքի կարճատև ուսումնասիրման և պեղումների աշխատանքներ։ Սրբավայրի տարածքում կատարվող հնագիտական աշխատանքները նախաձեռնվել էր Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի հոգևոր առաջնորդի նախաձեռնությամբ։ 2024 թ.-ին ևս՝ նույն թեմի օժանդակությամբ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը՝ միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ, պ․ գ․ թ․ Դիաննա Միրիջանյանի ղեկավարությամբ (հնագետներ Տիգրան Ալեքսանյան, Արման Նալբանդյան, վիմագրագետ Հայկ Հակոբյան, ճարտարապետ Գարեգին Կնյազյան), սրբավայրի տարածքում մեկ ամսից ավելի է իրականացնում է պեղումներ և ուսումնասիրություններ։ Այս աշխատանքների արդյուքում վանական համալիրի գլխավոր եկեղեցու հյուսիսային մասում հայտնաբերվել է նոր եկեղեցու ավերակ։ Սուրբ Պատարագը կատարվեց նորահայտ եկեղեցում, որից պահպանվել են պատերը՝ 1,5 մ բարձրությամբ, Սուրբ Խորանը և Մկրտության ավազանը։ Սուրբ Պատարագից հետո հոգևորականներ և երիտասարդները մասնակից եղան պեղումների աշխատանքին, տարածքը մաքրեցին ավելորդ քարերից։
2024-09-21
Սեպտեմբերի 19-ինՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի(ՀԱԻ) ընթերցասրահում բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ աևելագիտության ֆակուլտետի դասախոս, բ․ գ․ թ․ Սամվել Ռամազյանը։ «Թյուրքական «Դեդե Քորքութ» էպոսը և Հայաստանը» խորագրով բանախոսությունը կայացավ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում։ Ներկա էին թուրքագետներ, բանասերներ, ԵՊՀ արևելագիտական ֆակուլտետի ուսանողներ։ Ներկաներին ողջունեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, ներկայացրեց բանախեսին։ Մոտ 2 ժամ տևած բանախոսության ընթացքում անդրադարձ եղավ նշված էպոսին՝ համեմատվելով այն հայկական, հունական և այլ էպոսների հետ։ Բանախոսություն ավարտվեց հարց ու պատասխանով:
2024-09-20
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում տեղի ունեցավ «Արցախի իսլամական հուշարձանները․ հետազոտության և պահպանության խնդիրները» թեմայով բանախոսությունը՝ կազմակերպված Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի կողմից։ Բանախոսությամբ հանդես եկավ խմբի անդամ, պ․ գ․ թ․ Ռուբեն Հովսեփյանը։ Բանախոսը նշեց, որ Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից տարիների ընթացքում կատարվել են իսլամական հուշարձանների հաշվառում և փաստաթղթավորում. որոշներն առաջին անգամ են ուսումնասիրվել, լուսանկարվել, չափագրվել հայ մասնագետների կողմից։ Բանախոսը նաև լուսանկարների միջոցով ցույց տվեց հայ մասնագետների կողմից ուսումնասիրված իսլամական հուշարձանները: ՍԲանախոսության վերջում, Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի աշխատանքների մասին խոսեց նաև խմբի ղեկավարը՝ պ.գ.դ. Համլետ Պետրոսյանը։
2024-09-18
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում կայացավ հերթական սեմինարը։ ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի նախաձեռնությամբ՝ «Հնագիտական հուշարձանների պաթոլոգիա. Զորաց քարեր համալիրի հրատապ ամրակայումը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի(ՃՇՀԱՀ) ճարտարապետության տեսության, ժառանգության և պատմության ամբիոնի դասախոս, ճ․ գ․ թ․ Դավիթ Նահատակյանը։ ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի ղեկավրր Արտակ Հախվերդյանը ներկայացրեց բանախոսին՝ կարևորելով հնագետների և ճարտարապետների համագործակցությունը։ Բանախոսության ընթացքում Դ․ Նահապետյանը զուգահեգներ անցկացրեց արտերկրում և մեր հայրենիքում հնագիտական պեղումներ իրականացված հնավայրերի և դրանց հետագա պահպանության խնդիրների միջև՝ ըստ Luigi Marino-ի «Material for an atlas of pathologies in archeological areas and ruined buildings» աշխատության։ Բանախոսը կարևորեց պեղումների ընթացքում և դրանից հետո հնավայրերի ճիշտ պահպանության հարցը։ Անդրադառնալով «Զորաց քարեր համալիրի հրատապ ամրակայումը» թեմային՝ ներկայացրեց 2013-2018թթ ընթացքում այստեղ կատարված պեղումներից հետո իրականացված ամրաշինական աշխատանքները:
2024-09-12
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը՝ պ. գ. թ., ՀԱԻ ավագ գիտաշխատող Սիմոն Հմայակյանի ղեկավարությամբ, այժմ աշխատում է Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տարածքում: Այստեղ՝ Հովհաննիսյանների այգում շինարարական աշխատանքներ կատարելիս բացվել է նոր դամբարան: Դեռևս 1986 թվականին նույն այգում հայտնաբերվել էր մի դամբարան՝ կարասային թաղումով: Այժմ հնագետներն զբաղված են նոր գտնված դամբարանի պեղմամբ և ուսումնասիրմամբ: Արշավախմբի հիմնական կազմում են Նվարդ Տիրացյանը, Մարգար Հմայակյանը, Նվարդ Հովհաննիսյանը: Պեղումներին երբեմն մասնակցում են նաև ուսանողներ:
2024-08-26