2022 թ․ սկսած «Միջնադարյան ամրոցաշինություն Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակում հայ-իտալական համատեղ արշավախումբը (ղեկավարներ՝ պ․գ․թ․ Աստղիկ Բաբաջանյան (ՀԱԻ), դր Սերջիո Ֆերդինանդի (ISMEO)) պեղումներ է իրականացնում Արուճի միջնադարյան դղյակի ներքին հատվածում։ Պեղումների շնորհիվ վավերացվել են 12-20-րդ դարերն ընդգրկող մշակութային շերտեր՝ վերակառուցման բազմաթիվ փուլերով։ 2024 թ․ պեղաշրջանի արդյունքում գրեթե ամբողջացել է 12-14-րդ դդ․ թվագրվող մոնումենտալ աշխարհիկ շենքի մեծ սրահը՝ կից օժանդակ սենյակներով։ 2024 թ․ բացված ուշագրավ կառույցներից են ժայռափոր երկու հարակից հորերը սրահի հյուսիսարևելյան կողմում։
2024-07-19
Հունիսի 14-ին լրացավ 1949թ․ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից 15․000 հայերի Ալթայի երկրամաս և շուրջ 5․000 "նախկին թուրքահպատակների" Տոմսկի մարզ աքսորվածների փաստացի դեպորտացիայի 75-րդ տարին։Այդ առիթով ՀՀ ԳԱԱ ՀՆագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժինը Կիրառական մարդաբանության թեմատիկ խմբի հետ կազմակերպել էին ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներին նվիրված գիտաժողով։Մինչ գիտաժողովի մեկնարկը ԽՍՀՄ բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ կհնչեցին 1949թ․ հունիսի 14-ին Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորվածներից երկրամասում մահացած անձանց անունները (մյուս խորհրդային հանրապետություններից աքսորվածներից մահացածների անունները չունենք)։Գիտաժողովի շրջանակում զեկույցներով հանդես եկան Հրանուշ Խառատյանը, Դավիթ Գասպարյանը, Գոհար Ստեփանյանը, Աշխեն Պետրոսյանը, Տիգրան Սարգսյանը, Լևոն Աբրահամյանը, Գայանե Շագոյանը, Հասմիկ Կնյազյանը և Հարություն Մարությանը։
2024-07-14
Իր աշխատանքներն է սկսել Արտանիշի հնագիտական հայ-գերմանական համատեղ արշավախումբը (ղեկ․՝ Ա․ Բոբոխյան, Ռ․Կունցե)։ Արշավախումբը պեղումներ է իրականացնում վաղ բրոնզեդարյան (Ք․ա․ III հազ․ սկիզբ) բնակատեղիում և միջին բրոնզեդարյան (Ք․ա․ III հազ․ կես) դամբարանում:
2024-07-04
Հունիսի 24-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «44-օրյա պատերազմի հուշարձանները ՀՀ սահմանամերձ բնակավայրերի առօրյայում» թեմայով բանախոսությունը, որը վարեց նույն բաժնի աշխատակից Լուսինե Անգելուշը։ Բանախոսությանը հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկաները փոխանակվեցին կարծիքներով և հանդես եկան առաջարկություններով։
2024-06-25
Հունիսի 20-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական սեմինար-դասախոսությունը։ ՀԱԻ Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, բ․գ․դ․ Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Բանաձևային բանահյուսության չուսումնասիրված տեսակները հայ բանագիտության մեջ (միախոսական և երկխոսական առածներ, երկխոսական-հարցուպատասխանական ասույթաբանություն, շուտասելուկներ և այլն)» խորագիրը կրող դասախոսությունը։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ողջունեց ներկաներին, ապա Ա․ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն զեկույցով։
2024-06-20
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանի հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և այլուր անցկացվելու է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: 2010 թվականից Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական ազգային ինստիտուտի համակարգմամբ անցկացվող գիտական այս միջոցառմանը մեր երկիրը միացել է 2022 թվականին։ Այս տարի «Եվրոպական հնագիտության օրեր»-ին միացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» (ՀԱԻ), «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները, ինչպես նաև Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը՝ առաջին անգամ։ Նշված կառույցների կողմից կազմակերպվող դասախոսությունները և այլ միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար։ «Եվրոպական հնագիտության օրեր»-ի շրջանակում ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում առաջինը բանախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի գիտաշխատող, գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ․ գ․ թ․ Վիկտորյա Վասիլյանը։ ՀԱԻ ընթերցասրահում, որտեղ ներկա էին հնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և այլ մասնագետներ, Վ․ Վասիլյանը ներկայացրեց «Արհեստական բանականության կիրառումը մշակութային ժառանգության հանրահռչակման մեջ» բանախոսությունը։ Ներկաներին ողջունեց ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Դասախոսությունը նվիրված էր արհեստական բանականության կիրառմանը հնագիտական նյութի հանրահռչակման, վիրտուալ մշակութային տարածքի ստեղծման, թանգարանների կերպարանափոխության ոլորտներում։ Այն նաև կարևորվում է կրթական և զբոսաշրջային նշանակությամբ։ Ընթացքում բանախոսը ներկայացրեց եռաչափ տեխնոլոգիաների կիրառումը նշված ոլորտներում՝ անդրադարձավ նաև դրանց դերին արտեֆակտների և պատմական վայրերի համապարփակ թվային արխիվացման գործում: Վերջում ներկաները հարցեր և առաջարկներ ներկայացրեցին բանախոսին, եղավ քննարկում թեմայի շուրջ։
2024-06-14