Մայիսի 20-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի ունեցավ սեմինար Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական խմբի նախաձեռնությամբ։ «Արցախյան հնագիտական պեղումների նյութերը ռուսական և եվրոպական թանգարաններում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պ․գ․թ․ Նժդեհ Երանյանը:
2024-05-20
Ս.թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության շրջանակում ՀՊԹ մասնաճյուղ Հրազդանի երկրագիտական թանգարանում բացվեց Հայաստանի անտիկ շրջանի թաղման ծեսը պաստառներով ներկայացնող ժամանակավոր ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համակարգող ՀԱԻ ավագ գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ Գառնիի 2022թ. փրկարարական պեղումների մասին դասախոսությամբ, որից հետո միջոցառման մասնակիցների հետ թանգարանի սրահներում շրջայցի ընթացքում ակտիվ հարցուպատասխան և քննարկում եղավ:
2024-05-18
Մայիսի 17-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրադարանում տեղի ունեցավ Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն ամփոփող եռալեզու կայքի շնորհանդեսը (https://tigranakert.org/ ): Ներկա էին ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ և այլ հյուրեր: Կայքը ներկայացրեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի ղեկավար, պ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Կայքի կայացումը ողջունեց և շնորհավորեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը: Իր ելույթում Հ. Պետրոսյանը նշեց, որ Հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի հնագիտական հետքերը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը վավերացրել է 2005 թվականին: Արշավախումբը 2006-2020 թվականներին ընդարձակ հնագիտական պեղումներ է իրականացրել քաղաքի տարածքում և շրջակայքում: Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն Արցախում երբևէ նախաձեռնած ամենաընդարձակ հնագիտական Նախագիծն էր: Այն հնարավորություն ընձեռեց Արցախ-Ուտիքը ներկայացնել ոչ թե որպես Հայաստանի մի ծայրագավառ, այլ շատ ավելի ընդարձակ քաղաքակրթական համատեքստի մի մաս, որի ռազմական, տնտեսական և մշակութային կենտրոններից մեկն էլ Տիգրանակերտն էր: Արշավախմբի մշտական կազմի մեջ են եղել ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը, պ․գ․թ․, դոցենտ Վարդգես Սաֆարյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Տատյանա Վարդանեսովան, Ինեսա Կարապետյանը, Արմինե Գաբրիելյանը, Նժդեհ Երանյանը, Ռուբեն Հովսեփյանը, ասպիրանտ Համազասպ Աբրահամյանը։ Արշավախմբի աշխատանքներին մասնակցել են նաև պ․գ․դ․ Աշոտ Փիլիպոսյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Ժորես Խաչատրյանը, Աղավնի ժամկոչյանը, Նորա Ենգիբարյանը, Ռոման Հովսեփյանը, Հասմիկ Մարգարյանը, Ռուբեն Վարդանյանը, Հայկ Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի մի շարք ուսանողներ: Արշավախմբի աշխատանքներին կարճատև մասնակցություն են ունեցել Սորբոնի համալսարանի (Ֆրանսիա) Հռոմի պատմության պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրաինան, Ֆլորենցիայի համալսարանի հնագետներ Սառա Չամպին և Ֆրանչեսկա Քելին, մարդաբան Պոլ Բեյլին:
2024-05-17
Մայիսի 16-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում «Միջնադարագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի ունեցավ «Ամրոց, թե՞ դղյակ. միջնադարյան ամրաշինական կառույցների համեմատական քննություն» խորագրով բանախոսությունը, որը ներկայացրեց հնագետ, պ.գ.թ. Աստղիկ Բաբաջանյանը:
2024-05-16
Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակներում պատրաստված «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Ծրագրի համակարգող Գոհար Մելիքյանը ներկայացրեց աշխատանքի ընթացքը և արդյունքերը՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար աշխատել են Սյունիքի մարզի ութ համայնքում։ Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան նաև ծրագրի ղեկավար, ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ Ժանետ Բլեքը։ Կայքի հղումը ստորև՝ https://www.syunikich.am/
2024-05-10
Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Արցախի պատմամշակութային ժառանգության հարցեր խորագրով» սերմինարը, որի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի ղեկավար, պ․գ․դ․ Համլետ Պետրոսյանը։ Հ․ Պետրոսյանի ղեկավարությամբ Արցախի հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Արցախի տարբեր վայրերում՝ Տիգանակերտում, Շուշիում, Հանդաբերդում և այլն։ Առավել մեծ աշխատանքներ են կատարվել Տիգրանակերտ քաղաքի տարածքում։ Իր ելույթի ընթացքում Հ․ Պետրոսյանը մանրամասն անդրադարձավ կատարված աշխատանքներին, հայտնաբերված նյութերին, տեղում թանգարանի հիմնմանը և այլն։ Հնավայրի թանգարանը, որը տեղակայված էր միջնադարյան ամրոցի ներսում, ըստ հնագետի՝ տարեկան մինչև 30 հազար այցելու է ունեցել, չնայած Արցախը միջազգայնորեն չէր ճանաչվել։ Հ․ Պետրոսյանը ներկայացրեց նաև Տիգրանակերտին նվիրված կայքի պատրաստման և գրքի կազմման ընթացիկ աշխատանքները։ Բանախոսությանը ներկա էին հնագետներ, Տիգրանակերտում հնագիտական պեղումներ իրականացրած արշավախմբի անդամներ և այլք։
2024-05-02