Հունիսի 24-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «44-օրյա պատերազմի հուշարձանները ՀՀ սահմանամերձ բնակավայրերի առօրյայում» թեմայով բանախոսությունը, որը վարեց նույն բաժնի աշխատակից Լուսինե Անգելուշը։ Բանախոսությանը հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկաները փոխանակվեցին կարծիքներով և հանդես եկան առաջարկություններով։
2024-06-25
Հունիսի 20-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական սեմինար-դասախոսությունը։ ՀԱԻ Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, բ․գ․դ․ Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Բանաձևային բանահյուսության չուսումնասիրված տեսակները հայ բանագիտության մեջ (միախոսական և երկխոսական առածներ, երկխոսական-հարցուպատասխանական ասույթաբանություն, շուտասելուկներ և այլն)» խորագիրը կրող դասախոսությունը։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ողջունեց ներկաներին, ապա Ա․ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն զեկույցով։
2024-06-20
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանի հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և այլուր անցկացվելու է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: 2010 թվականից Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական ազգային ինստիտուտի համակարգմամբ անցկացվող գիտական այս միջոցառմանը մեր երկիրը միացել է 2022 թվականին։ Այս տարի «Եվրոպական հնագիտության օրեր»-ին միացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» (ՀԱԻ), «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները, ինչպես նաև Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը՝ առաջին անգամ։ Նշված կառույցների կողմից կազմակերպվող դասախոսությունները և այլ միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար։ «Եվրոպական հնագիտության օրեր»-ի շրջանակում ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում առաջինը բանախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի գիտաշխատող, գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ․ գ․ թ․ Վիկտորյա Վասիլյանը։ ՀԱԻ ընթերցասրահում, որտեղ ներկա էին հնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և այլ մասնագետներ, Վ․ Վասիլյանը ներկայացրեց «Արհեստական բանականության կիրառումը մշակութային ժառանգության հանրահռչակման մեջ» բանախոսությունը։ Ներկաներին ողջունեց ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Դասախոսությունը նվիրված էր արհեստական բանականության կիրառմանը հնագիտական նյութի հանրահռչակման, վիրտուալ մշակութային տարածքի ստեղծման, թանգարանների կերպարանափոխության ոլորտներում։ Այն նաև կարևորվում է կրթական և զբոսաշրջային նշանակությամբ։ Ընթացքում բանախոսը ներկայացրեց եռաչափ տեխնոլոգիաների կիրառումը նշված ոլորտներում՝ անդրադարձավ նաև դրանց դերին արտեֆակտների և պատմական վայրերի համապարփակ թվային արխիվացման գործում: Վերջում ներկաները հարցեր և առաջարկներ ներկայացրեցին բանախոսին, եղավ քննարկում թեմայի շուրջ։
2024-06-14
Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր ինստիտուտի Վաղ հնագիտության բաժինը։ 33 տարի առաջ՝ 1991թ․ հոկտեմբերի 5-ին, Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանում (ՀՊԹ), կայացել էր «Մովսես Խորենացին և հայ հնագիտությունը» խորագիրը կրող գիտաժողով և ցուցահանդես՝ նվիրված Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության 1500-ամյակին։ Այդ ընթացքում նկարահանվել է նաև «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը վավերագրական ֆիլմը»։ Ֆիլմի դիտմանը ներկա էին ՀԱԻ աշխատակիցներ, հյուրեր։ Ֆիլմի համահեղինակ, հնագետ, պ․ գ․ թ․, ՀԱԻ ավագ գիտաշխատող Սիմոն Հմայակյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը։ Մոտ 1 ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմում ներկայացված էր հիշյալ ցուցահանդեսի ու գիտաժողովի կազմակերպման և իրականացման ընթացքը, ինչպես նաև հայ ժողովրդի պատմությունը՝ հնագույն շրջանից մինչև 5-րդ դար։ Վավերագրական ֆիլմում նկարահանվել էին ժամանակի հայտնի գիտնականներ, դասախոսներ՝ Գագիկ Սարգսյանը, Գևորգ Տիրացյանը, Լևոն Շահինյանը, հայ և օտարերկրացի այլ հայագետներ։ Ցուցադրության ավարտին տեղի ունեցավ քննարկում։
2024-06-11
2024 թ. մայիսի 30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հյուրընկալել էր Իվլինի հնագիտական ծառայության գերատեսչության պատվիրակությանը (Ֆրանսիա): Իվլինի հիմնադրամը Ֆրանսիայի արտգործնախարարության “Mission Archéologique Caucase” ծրագրի հետ համագործակցությամբ ֆինանսավորում է 2018 թվականին ձևավորված և մինչ այժմ գործող հայ-ֆրանսիական “Tavush Archaeological Project” հնագիտական ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների հնագիտական ժառանգության ուսումնասիրությունը: Պատվիրակություն այցելության նպատակն է ամրապնդել համագործակցությունը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ և ծանոթանալ հնագիտական արշավախմբի արդյունքներին: ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանի, գիտական ղեկավար Պավել Ավետիսյանի և “Tavush Archaeological Project” հնագիտական ծրագրի համաղեկավար Լևոն Աղիկյանի կողմից ներկայացվեցին արշավախմբի ձեռքբերումները և հետագա ուսումնասիրությունների նպատակները:
2024-05-30
Մայիսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Անիի հնագիտական դպրոցը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը, որը կազմակերպել էին Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանը։ Գիտաժողովը տևելու է 3 օր՝ մայիսի 29-ից 31-ը ներառյալ, որի ընթացքում կներկայացվի չորս տասնյակից ավելի զեկուցումներ: Ներկաներին ողջունեցին ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի Ճարտարապետության և քաղաքաշինության ինստիտուտի տնօրեն Արմեն Ղազարյանը: Իրենց խոսքում նրանք կարևորեցին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Անիում սկսված հնագիտական պեղումները և ուսումնասիրությունները հայտնի հայագետ Նիկողայոս Մառի, Թորոս Թորամանյանի, Աշխարհբեկ Քալանթարի (Աշխարհբեկ Լոռիս-Մելիք Քալանթար), Վրույրների և այլ երախտավորների կողմից:
2024-05-29