Նոյեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ գիտաժողով՝ նվիրված վիմագրագետ, հուշարձանագետ Սուրեն Սաղումյանի 90 ամյակին։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱԻ տնօրեն, պ․ գ․ թ․, դոցենտ Արսեն Բոբոխյանը, պ․գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը և ՀԱԻ Վիմագրության բաժնի վարիչ, պ․ գ․ թ․ Արսեն Հարությունյանը, ովքեր բարձր գնահատեցին Ս․ Սաղումյանի դերը հայոց պատմության, հնագիտության, առավելապես վիմագրության և հուշարձանների պահպանության գործում։ Սուրեն Տիգրանի՝ այդպես սիրով ու մտերմաբար են ընկերները, մտերիմները, աշխատանքային ընկերները դիմել նրան։ Ս. Սաղումյանը ծնվել է 1934 թ․ Տավուշի մարզի Թովուզ գյուղում: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և մինչև կյանքի վերջին օրերը նվիրվել հուշարձանների ուսումնասիրման ու պահպանության հայրենանվեր գործին: Գիտաժողովը կայացավ 2 նիստով։ Առաջին նիստը վարեց Արսեն Հարությունյանը։ «Նորահայտ քարագործ վարպետների անուններ Սուրեն Սաղումյանի արխիվից» խորագրով հետաքրքրիր բանախոսությամբ հանդես եկավ պ․ գ․ թ․, ՀԱԻ գիտաշխատող Գագիկ Սարգսյանը։ Ներկայացրեց մի շարք անուններ, որոնք փորագրված են տարբեր վիմագրերում։ Ծնունդով աշտարակեցի, պ․ գ․ դ․ Գարեգին Թումանյանն անդրադարձավ Ս․ Սաղումյանի հեղինակած «Աշտարակ» աշխատությանը։ «Սուրեն Սաղումյանի վիմագրական վաստակը» զեկույցով ներկայացավ Արսեն Հարությունյանը։ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, բ․ գ․ թ․ Հասմիկ Գալստյանը ներկայացրեց «Ազատ գյուղի տեղորոշումն ըստ վիմագրերի» զեկույցը։ Յուրահատուկ զեկույցով ներկայացավ Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը։ «Մարդկության պատմության գոյության բոլոր այն հետքերը, որոնք 100 և ավելի տարիներ գտնվել են ջրի հատակին, համարվում են ջրասույզ հուշարձաններ և ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրանք դասում է «Ջրասույզ մշակութային ժառանգության» ցանկում»։ Իր «Ջրասույզ հուշարձանների պահպանության և վերականգնման միջազգային փորձն ու դրա կիրառման անհրաժեշտությունը Հայաստանում» զեկույցում տեղեկացրեց Ա․ մարտիկյանը, ով նաև ներկայացրեց այդ բնագավառում միջազգային փորձը։ Ճարտարապետ, ՀԱԻ աշխատակից Լիլիթ Տեր-Մինասյանի զեկույցը՝ «Եռաչափ վերականգնումները որպես հուշարձանների պահպանության վիրտուալ գործիք», նվիրված էր ժամանակակից գիտության խնդիրներին։ Երկրորդ նիստը վարեց ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Դիաննա Միրիջանյանը։ Երկրոդ նիստի ընթացքում ներկայացվեցին ևս վեց զեկույց: Պ․ գ․ դ․, պրոֆեսոր, ԵՊՀ և ՀԱԻ աշխատակից Համլետ Պետրոսյանի «Գիրը և պատկերը․ Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցման արձանագրության և գմբեթի քանդակային հորինվածքի համադիր քննության փորձ» զեկույցը նվիրված էր Արցախին։ Ելույթ ունեցան նաև Դավիթ Վարդազարյանը՝ «Դարանիի սեպագիր արձանագրության վերծանման մի քանի փորձերի համեմատական քննություն և վերականգնման հեռանկարներ», Մերի Սաֆարյանը՝ «Հերմոնի վանքի հետախուզական պեղումների արդյունքներն ու նորահայտ վիմագրերը», Սաթիկ Խուրշուդյանը՝ «Վիմագրական ուսումնասիրություններ Գորիսի շրջանի Վաղատուր, Քարաշեն և Քարահունջ գյուղերում», Սուսաննա Ադամյանը՝ «Արիստակես եպիսկոպոս Սեդրակյան․ կյանքն ու գործունեությունը» և Մարիամ Հերգնյան՝ «Վանդալիզմի հոգեբանական հիմքերն ու առանձնահատկությունները» զեկույցներով։
2024-11-15
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ վիմագրության բաժնի կողմից նախաձեռնած «Հայերեն վիմագրերի թվայնացման հիմնախնդիրները (գործիքակազմը և սկզբունքները)» («Key Aspects of Digitizing Armenian Epigraphic Inscriptions: Tools and Principles») խորագրով դասախոսությունը։ Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, փոխտնօրեն Տորք Դալալյանը, հնագետներ, ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։ Վիմագրության բաժնի վարիչ, պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը ներկայացրեց բանախոսին՝ Լոզանի (Շվեյցարիա) դաշնային պոլիտեխնիկական ինստիտուտի Թվային հումանիտար հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Համեստ Թամրազյանին, ով հանգամանալից ներկայացրեց վիմագրերի թվայնացման կարևորությունը, նպատակներն ու խնդիրները, թվայնացման գործիքակազմը, վիմագրերի՝ տարբեր լեզուներով թարգմանելու տարբերակները և այլ կարևոր իրողություններ։ Դասախոսության վերջում ներկաները հարցեր և առաջարկներ ուղղեցին բանախոսին
2024-11-09
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի ղեկավար Արսեն Հարությունյանը, Մշակութային մարդաբանության բաժնի աշխատակիցներ Գայանե Շագոյանը, Գոհար Ստեփանյանը, Հասմիկ Կնյազյանը և Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի կրտսեր գիտաշխատող Զարուհի Համբարձումյանը նոյեմբերի 5-6-ը մասնակցեցին "Պատմության լուռ վկաները" խորագրով գիտաժողովին՝ նվիրված Արցախի վտանգված ժառանգությանը: Գիտաժողովը կազմակերպել էր "Հիշատակարան մշակութային ժառանգության" կազմակերպությունը՝ Փարիզի INALCO համալսարանի հովանու ներքո, Ալիֆ (ALIPH) և Կիւլպէկեան հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ: Գիտաժողովի աշխատանքները մաս են կազմում Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագրի: Գիտաժողովը տեսագրվել է և հասանելի է առցանց "Հիշատակարան" կազմակերպության ֆեյսբուկյան էջում <https://www.facebook.com/profile.php?id=61551728661840>. Արսեն Հարությունյանի և Գայանե Շագոյանի (համահեղինակներ՝ Գոհար Ստեփանյան, Հասմիկ Կնյազյան, Զարուհի Համբարձումյան) զեկուցումների առցանց հղումները ստորև՝ https://www.facebook.com/61551728661840/videos/977985437400351 https://www.facebook.com/61551728661840/videos/1286251939217486/
2024-11-06
Հոկտեմբերի 28-ին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում կայացավ հերթական բանախոսությունը։ Նույն բաժնի գիտաշխատող, պ․ գ․ թ․ Գարիկ Աթանեսյանը ներկայացրեց «Սփյուռքը, բեմականացվող ժառանգությունն ու մշակութային զբոսաշրջությունը» թեմայով բանախոսությունը:
2024-10-28
Համաշխարհային ջրհեղեղի մասին կան բազմաթիվ ժողովրդական ավանդազրույցներ, որոնք կարծես մեկ ընդհանուր վիպաշարի դրվագներ լինեն։ Այս նյութը երբեք առանձին ուսումնասիրության առարկա չի եղել հայ բանագիտության մեջ։ Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Բանագիտական-տեքստաբանական աշխատանքի նրբություններ. «Նոյ նահապետը» ժողովրդական վիպաշարի վերականգնման փորձառությունը» խորագրով բանախոսությունը, որի ժամանակ պ.գ.թ. Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեց իր աշխատասիրած նոր ժողովածուի կազմման և հրատարակման ընթացքը։ Մարդկության նախասկզբի և համընդհանուր նախահոր մասին պատկերացումը ստեղծվել է հնագույն ժամանակներից՝ աշխարհի տարբեր ծագերում և տարբեր ժողովուրդների ավանդական զրույցներում։ Բազմաթիվ ավանդույթներում մարդիկ իրենց տեսակի սկզբնավորումը պատկերացրել են փուլային տարբերակով՝ հատկապես երկփուլ, ընդ որում առաջին փուլի ավարտն ազդարարել է համաշխարհային մեծ աղետը, տարբերակների գերակշիռ մասում՝ ջրհեղեղը, որից փրկված միակ մարդն ու նրա ընտանիքը դարձել են երկրորդ փուլի նախահայր(եր)ը։ Սովորաբար իբրև ջրհեղեղի պատճառ նշվում են մարդկանց ամբարտավանությունը, ծիսական և բարոյական տաբուների խախտումը։ Համաշխարհային ջրհեղեղի օվկիանոսից մարդության վերածնումը նմանեցվել է նախասկզբնական քաոսային ջրերից կյանքի առաջացմանն ու աշխարհի արարմանը։ Ետջրհեղեղյան նախահայրը տարբեր անուններ ունի տարբեր ավանդազրույցներում՝ Զիուսուդրա, Քսիսուստրոս, Ատրա-Հասիս, Ուտ-նապիշտի, Դևկալիոն, Նոյ և այլն։ Որպես կանոն, այդ հերոսը կառուցում է փայտե տապան կամ նավ, որի մեջ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ փրկվում են ոչ միայն մարդկության միակ արդար ներկայացուցիչն ու իր ընտանիքը, այլև կենդանի մյուս էակների տեսակները և անգամ բույսերի սերմերը։ Կյանքի մանրատիեզերքն (միկրոկոսմ) ամփոփող այս նավը ջրերի մեջ օրեր, շաբաթներ կամ ամիսներ շարունակ տարուբերվելուց հետո կանգ է առնում տվյալ տարածաշրջանի՝ ենթադրաբար ամենաբարձր գագաթի վրա (Նիցիր, Պառնաս, Մասիս, ևն)։ Համաշխարհային ջրհեղեղի մասին պատմող հայկական ավանդազրույցներն ունեն կարևոր մի առանձնահատկություն. դրանք սերտորեն կապվում են Հայկական լեռնաշխարհի տեղանուններին՝ հատկապես լեռնանուններին։ Բանախոսը ներկայացրեց որոշ հայկական ավանդազրույցներ, խոսեց դրանցում արտացոլված պատկերացումների մասին։
2024-10-24