
ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ
ԵՎ
ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
հրավիրում են մասնակցելու միջազգային գիտաժողովի.
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
28-29 հոկտեմբերի, 2017թ.
Երևան, Հայաստան
Գիտաժողովի ընդհանուր ակնարկ
Ներկայումս ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ, կրում է արմատական փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում հասարակության կենսագործունեության տարբեր կողմերի վրա: Այս համատեքստում, հայ ընտանիքում տեղի ունեցող փոփոխությունները կրում են ավելի խորքային բնույթ, քանզի հայ ազգի գոյակցության պայմանները տարբեր միջավայրերում բավականին բազմազան են և առաջացնում են բազմաթիվ մարտահրավերներ` ավանդականության և էթնիկության վերարտադրման ճանապարհին: Պատմականորեն ստանձնելով այլ ինստիտուտների գործառույթներ ևս, հայ ընտանիքը ձեռք է բերել առանցքային դեր՝ նպաստելով ազգային ինքնության և էթնոմշակութային արժեքների պահպանմանը:
Արդի մարտահրավերների համատեքստում հայ ընտանիքի հիմնախնդիրների քննարկմանը նվիրված միջազգային գիտաժողովը հնարավորություն կտա հավաքագրել տարբեր գիտակարգերի շրջանակներում հայկական ընտանիքի ժամանակակից ուսումնասիրությունները, բացահայտել հայրենիքում և սփյուռքում ընտանիքի խնդիրները և փոփոխությունների միտումները, ընտանիքի դերը էթնիկ ինքնության պահպանման գործում, համեմատել հայկական ընտանիքի ավանդական և ժամանակակից մոդելներն ու գործառույթները:
Մասնակցության համար թեմաների շրջանակներ
- Ընտանիքի ուսումնասիրության միջգիտակարգային մոտեցումներ. հետազոտության տիրույթներ և խնդիրներ, ընտանիքի մոդելներ (ավանդական և ժամանակակից)
- Ընտանիքի ուսումնասիրության մեթոդաբանություն. մեթոդների կիրառությունն ու գործիքակազմը
- Ընտանիք և էթնիկություն. հայեցակարգեր և խնդիրներ
- Ընտանիքի ուսումնասիրության առանձնահատկությունները սեփական և այլազգի միջավայրում
- Հայ ընտանքի հիմնահարցերը ՀՀ-ում և սփյուռքում
- Միջէթնիկ և ներէթնիկ ամուսնություններ (ՀՀ և սփյուռքի, սփյուռքի տարբեր համայնքների հայերի միջև)
- Ընտանիք և էթնոմշակութային ինքնություն (միջսերնդային տրանսմիսիա, կրթություն, լեզու, հավատք և այլն)
- Ընտանիք և միգրացիա
- Ընտանեկան ձեռներեցություն
Ամփոփագրերի ներկայացման պահանջներ
- Թեման՝ ներկայացված թեմաներից մեկի շրջանակներում.
- Լեզուն՝ հայերեն (արևմտահայերեն կամ արևելահայերեն), ռուսերեն և անգլերեն լեզուներից որևէ մեկով.
- Ծավալը՝ մինչև 250 բառ.
- Կառուցվածքը՝ հակիրճ ներածություն, հիմնահարց, նպատակ, հետազոտական խնդիրներ և մեթոդաբանություն, տեսական շրջանակներ/գիտակարգեր.
Ամփոփագիրը և հակիրճ (1 էջ) ինքնակենսագրականը (CV) անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունիսի 30, 2017թ., info.diasporastudies@gmail.com էլ.փոստի միջոցով:
Մասնակցություն
Գիտաժողովին կարող են մասնակցել սոցիալ-հասարակական և պատմական գիտությունների հետազոտողներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ, ՀԿ-ների և պետական հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և արտերկրից:
Մասնակիցները կընտրվեն ներկայացված ամփոփագրերի (abstract) և ինքնակենսագրականների (CV) հիման վրա: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն ներկայացնելու զեկուցումներ (20 րոպե տևողությամբ): Զեկուզումների ընտրված հոդվածները կհրատարակվեն գիտաժողովից հետո:
Ժամանակացույց
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետ. 30 հունիսի, 2017թ.
Պատասխան. 20 հուլիսի, 2017թ.
Ընտրված զեկույցների նախնական տարբերակ. 20 սեպտեմբերի, 2017թ.
Գիտաժողովի ծրագիր և օրակարգ. 10 հոկտեմբերի, 2017թ.
Ընտրված հոդվածների ներկայացման վերջնաժամկետ. 30 նոյեմբերի, 2017թ.
Գիտաժողովի լեզուն
Գիտաժողովի լեզուն հայերենն է: Ռուսերեն և անգլերեն լեզուներով հոդվածների ներկայացման համար կապահովվի թարգմանություն:
Մասնակցության ֆինանսական ծախսեր
Գիտաժողովին մասնակցությունն անվճար է: Մասնակիցների սննդի ծախսերը հոգում են գիտաժողովի կազմակերպիչները: Կեցության և ճանապարհածախսը հոգում է մասնակիցը:
Կազմակերպական խորհուրդ և խմբագրակազմ
Գիտաժողովի կազմակերպական խորհուրդը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատողների խումբն է: Գիտաժողովի հոդվածների ժողովածուի խմբագրակազմը Սփյուռքի հետազոտությունների բաժնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատողների խումբն է: