
«Կ. Գ. Յունգ - 145» միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և ԳիՀԻ հայագետների և հոգեբանների միավորումը ս. թ. հուլիսի 2-ին, 3-ին, 9-ին, 10-ին և 11-ին անցկացնում է սեմինարների շարք:
Սեմինար․ «Շարժական սրբություններ. մասունք, խաչ, պաշտամունքային գիրք» (2019-2020 թթ. Գյուլբենկյան հիմնադրամի դրամաշնորհով կատարված հետազոտության նախնական արդյունքներ),
բանախոս. Լիլիթ Սիմոնյան
Շարժական սրբությունների պաշտամունքը թեև վկայված է նախաքրիստոնեական շրջանում ևս, սակայն մեծ կարևորություն է ձեռքբերել մասնավորապես վաղքրիստոնեական շրջանում՝ Տերունական խաչի ու սրբերի մասունքների պաշտամունքի ձևով: Հետագայում որպես մասունք սկսում են ընկալվել նաև սուրբ գրքերը, սուրբ անձանց պատկանող առարկաները, որոշ ձեռաց խաչեր, երբեմն նույնիսկ ծիսական շինությունների մասը կազմող քարեր: Հայտնի է, որ բնական և պատմական արհավիրքները չեն խնայում հաճախ փխրուն և ոչ մեծ չափի այդ առարկաները, սակայն դրանք ավելի հեշտ էր տեղափոխել և թաքցնել, և այդ ճանապարհով մինչև մեր օրերը հասել են բազմաթիվ շարժական սրբություններ:
2019 թ. Սկսած նախագծի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի թիմը հայտնաբերել է մեծ թվով պաշտամունքային առարկաներ, գլխավորապես՝ ձեռագրեր, խաչեր, որոնք իրենցից ներկայացնում են պատմական վկայություններ, մշակութային արժեքներ և հաճախ՝ արվեստի կոթողներ: Նույնքան արժեքավոր է դրանց շուրջ ձևավորված բանահյուսական ժառանգությունը:
Սեմինարն առցանց է, կարող եք միանալ այս հղումով: