![](https://iae.am/sites/default/files/styles/750/public/FireShot%20Capture%2020%20-%20%D5%80%D5%80%20%D4%B3%D4%B1%D4%B1%20%D5%80%D5%86%D4%B1%D4%B3%D4%BB%D5%8F%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D4%B1%D5%86%20%D4%B5%D5%8E%20%D4%B1%D4%B6%D4%B3%D4%B1%D4%B3%D5%90%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D4%B1%D5%86%20%D4%BB%D5%86%D5%8D%D5%8F%D4%BB%D5%8F%D5%88%D5%92%D5%8F%20-%20http___iae.am_hy.png?itok=lfS01Jyi)
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից իրականացվում են մի քանի տասնյակ գիտական ծրագրեր հնագիտության, ազգաբանության և բանագիտության ոլորտներում: Ինստիտուտում աշխատում են շուրջ երկու հարյուր մասնագետներ վերոհիշյալ ոլորտներից: Աշխատակիցների կողմից և ինստիտուտի գլխավորությամբ ամեն տարի հրատարակվում են հարյուրավոր հոդվածներ, գիտաժողովների նյութեր, գրքեր և այլ գիտական նյութեր: Ինստիտուտում արդեն առօրեական են դարձել վերոհիշյալ ոլորտներում կատարված հետազոտությունների արդյունքներն հանրայնացնող և քննարկող գիտաժողովները, սեմինարները, ատենախոսությունների պաշտպանությունները և այլ գիտական միջոցառումներ: Կատարվող հետազոտությունների արդյունքները և ինստիտուտի գործունեությունը հանրայնացնելու համար վերջինս կարիք ուներ սեփական օնլայն տիրույթի:
ՀԱԻ աշխատակիցների նախագծով և Հարավային Կովկասի Ամերիկյան Հետազոտական Ինստիտուտի (ARISC) ֆինանսական օժանդակությամբ պատրաստվել է ինստիտուտի պաշտոնական վեբ-կայքը՝ iae.am: Պատրաստված կայքի կառուցվածքը ինստիտուտի կառուցվածքի արտացոլանքն է վիրտուալ տիրույթում: Կայքից կարելի է տեղեկություն ստանալ ինստիտուտում կայանալիք և վերջին մի քանի տարիների ընթացքում կայացած միջոցառումների (գիտաժողովներ, սեմինարներ, դասախոսություններ և այլն) մասին, ծանոթանալ ինստիտուտի կառուցվածքին, առանձին բաժիններում և գիտական խմբերում կատարվող աշխատանքներին, աշխատակազմին, առանձին գիտաշխատողների մասնագիտական գործունեությանը և հրատարակություններին: Կայքը ունի շտեմարան, որը պարբերաբար համալրվում է ինստիտուտի կողմից հրատարակված աշխատանքներով: Կայքին զուգահեռ գործում է ինստիտուտի Ֆեյսբուքյան հարթակը․ ինստիտուտի գործունեությամբ հետաքրքրվող օգտատերերը կարող են հետևել վերջինիս Ֆեյսբուքյան էջին և բաժանորդագրվել կայքի նորություններին: