ՍԵԴԱ ԴԵՎԵՋՅԱՆ․ ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ

Խորին վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երկարամյա աշխատակից, Հայաստանի վաղ հնագիտության բաժին ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սեդա Դևեջյանը:
Սեդա Հրանտի Դեվեջյանը ծնվել է 1936 թ. փետրվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում, Հրանտ Դեվեջյանի ընտանիքում: Վերջինս հայտնի հասարակական և մշակութային գործիչ էր՝ Լիբանանի «Առավոտ» օրաթերթի խմբագիրը, Սիրիայի և Լիբանանի ներգաղթի կոմիտեի նախագահը (1945-1947 թթ․)։ Ս. Դեվեջյանը դպրոցական տարիները նախ անցկացրել է Բեյրութում, ապա, 1947 թ․ Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց հետո, սովորել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում։
Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետում 1954-1959 թթ.։
1959-1961 թթ․ աշխատել է Հայաստանի Պատմության թանգարանում, իսկ 1962 թ․ ի վեր աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, մասնավորապես Վաղ հնագիտության բաժնում, որպես ավագ գիտաշխատող։
Թեկնածուական թեզը՝ «Տաշիր-Ձորագետը բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններում» թեմայով, պաշտպանել է 1977 թ. ապրիլի 7-ին՝ հայտնի հնագետ Հարություն Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ 
Իր երկարատև մասնագիտական կյանքի ընթացքում Սեդա Դեվեջյանը մասնակցել կամ ղեկավարել է հնագիտական բազմաթիվ պեղումներ Լճաշենում (1958-1960 թթ․), Արգիշտիխինիլիում (1964-1982 թթ․), Նորաբացում (1979 թ․), Ստեփանավանում (Չեշմանիս,  1980 թ․), Երևանի Շահումյան թաղամասում (1985 թ․), Կուրթանում (2006 թ․), Թեղուտում (2009-2015 թթ․) և այլուր։ Սակայն Ս. Դեվեջյանի անվան հետ առաջին հերթին կապվում են Լոռի Բերդի պեղումները (1969-2018 թթ.), որը ոչ միայն հնագույն Հայաստանի, այլև Կովկասի և Առաջավոր Ասիայի կարևոր հուշարձաններից է։ Նրա ղեկավարությամբ այստեղ պեղվել են 110-ից ավելի դամբարաններ, ինչպես նաև միջինբրոնզեդարյան բնակավայրը։ Տասնամյակների բեղմնավոր ուսումնասիրություններն ամփոփված են հեղինակի չորս մենագրություններում և մոտ 50 գիտական հոդվածներում ու հիմնադրույթներում, որոնցից առաջինն, ի դեպ, տպագրվել է «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի էջերում: Այդ աշխատանքները վերաբերում են բրոնզ-երկաթեդարյան Հայաստանի, մասնավորապես՝ Տաշիր Ձորագետի և նրա տարածքում գտնվող Լոռի Բերդ հուշարձանի պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութի վերլուծությանը: Ընդ որում, դրանցում ներկայացվում են  ոչ միայն պեղումների ընդհանուր արդյունքները, այլ նաև տարբեր խնդիրներին առնչվող հարցեր, որոնց թվում կառանձացնեինք մետաղագործությունը և ոսկերչությունը, կնիքագործությունը, մշակութային և առևտրատնտեսական փոխառնչությունները, պաշտամունքը, արվեստը, թաղման ծեսը և այլն:
Հնագիտության ոլորտում և ՀՀ ԳԱԱ համակարգում գիտական մեծ ներդրման համար Ս. Դեվեջյանը տարբեր տարիներին պարգևատրվել է գովասանագրերով և մեդալով: Նրա երկար տարիների անխոնջ աշխատանքը 2012 թ. գնահատվել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից շնորհված Մեսրոպ Մաշտոցի անվան ոսկե մեդալով։
Խորապես ցավում ենք Սեդա Դևեջյանի մահվան համար և վշտակցում ընտանիքին, հարազատներին ու ընկերներին

Send to