Արամ Քալանթարյան, 80-ամյակ

Այսօր կլրանար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, 1993–2006 թթ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանի 80-ամյակը: 
 
Ա. Քալանթարյանի մոտ հիսնամյա աշխատանքային գործունեությունը կապված է եղել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ: Այստեղ է նա անցել կրտսեր գիտաշխատողից մինչև Հայաստանի առաջատար հնագետ-պատմաբանի արգասավոր ուղի: Նա աչքի է ընկել նաև գիտակազմակերպչական մեծ ունակություններով: 1986 թ. Արամ Քալանթարյանը ղեկավարել է ինստիտուտի նորակառույցների հնագիտության բաժինը, որը մեծ աշխատանքներ է տարել Հայաստանի տարբեր շրջաններում՝` հուշարձաններն ավերումից փրկելու և բազմակողմանի գիտական ուսումնասիրություն կատարելու ուղղությամբ: Նրա գործուն մասնակցությամբ հանրապետության նորակառույցներում պայմանագրային եղանակով կազմակերպվել և աշխատել է 40 արշավախումբ: 1993-2006 թթ. Ա. Քալանթարյանը վարել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը և իր կազմակերպչական հմուտ ղեկավարման շնորհիվ, հատկապես երկրի համար դժվարին տարիներին, ինստիտուտը կարողացավ պահպանել գիտական ու կադրային հիմնական ներուժը, նույնիսկ արձանագրեց որոշակի հաջողություններ: Առանձնակի ձեռքբերումներ ինստիտուտն արձանագրեց նրա տնօրինության վերջին տարիներին: Ա. Քալանթարյանը եղել է ինստիտուտի գիտական, ինչպես նաև գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների նախագահ: Անդամ էր նաև մի քանի այլ ինստիտուտների և բուհերի գիտական խորհուրդների, ղեկավարում էր հայագիտության գծով թեմաների փորձագիտական հանձնաժողովի աշխատանքները: Արամ Քալանթարյանը իր համեստ, շիտակ բնավորության, գիտական անուրանալի վաստակի շնորհիվ ընկերական և գիտական ամենալայն շրջանակներում վայելում էր մեծ հարգանք ու հեղինակություն: 
 
Editorial, Board (2010) Արամ Քալանթարյան. Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 314-315.
Ուրբ, 08/25/2017 - 11:30

Send to