Միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժին

Հայաստանում գիտական միջնադարագիտության հիմքը դրվել է անվանի հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ միջնադարյան հռչակավոր մայրաքաղաք Անիի պեղումներով, որոնք հիմնականում իրականացվել են 1892-1893 թթ. և 1904-1917 թթ.: Դրանով հիմք է դրվել նորագույն մեթոդներին համապատասխան ուսումնասիրություններին` աղբյուրագիտական հարուստ հենքի վրա հիմնված լայնածավալ պեղումներ, նյութական հուշարձանների և գրավոր աղբյուրների համեմատական վերլուծություն, պեղված հուշարձանների մասնակի վերականգնում և պահպանություն, պեղված նյութերի ֆոտոֆիկսացիա, գծանկարում և հուշարձանների չափագրություն, վիմագրերի պատճենահանում, տեղում պեղված հուշարձանների թանգարանի ստեղծում, նյութերի հրատարակություն և դրանց վերաբերյալ դասախոսությունների ու սեմինարների անցկացում, գիտական կադրերի պատրաստում և այլն: Այս քայլերն ուղղենիշ հանդիսացան հետագայում գիտական միջնադարագիտության համար, երբ 1959 թ. հիմնադրվեց Պատմության ինստիտուտից անջատված ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը:

1960 թ. ինստիտուտում անվանի հայագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ հիմնադրվում է Հին և միջնադարյան հնագիտության բաժինը: 1993 թ. Հին Հայաստանի հնագիտության բաժինն առանձնանում է` դառնալով առանձին միավոր Գևորգ Տիրացյանի գլխավորությամբ: Կ. Ղաֆադարյանը բաժինը ղեկավարել է մինչև իր մահը` 1976 թ.: 1978 - 2005 թթ. բաժինը ղեկավարել է պ.գ.թ. Գրիգոր Կարախանյանը, 2005 թվականից պ.գ.թ. Հուսիկ Մելքոնյանը:

Միջին դարերի հնագիտության բաժինն իր գոյության ընթացքում պեղումների լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Հայաստանի բազմաթիվ հնավայրերում: Մեծ ակտիվությամբ շակունակվել են միջնադարյան Հայաստանի հռչակավոր մայրաքաղաք Դվինի պեղումները (ղեկ.՝ Ս. Տեր-Ավետիսյան, ապա Կ. Ղաֆադարյան, ապա Ա. Քալանթարյան, այժմ Հ. Մելքոնյան):

1936 թ. սկսվել են միջնադարյան Հայաստանի հզորագույն ամրոցներից մեկի՝ Ամբերդի պեղումները, անվանի արևելագետ Հովսեփ Օրբելու, իսկ 1963 թվականից Սերյոժա Հարությունյանի ղեկավարությամբ: Ամբերդի պեղումներին զուգահեռ Ս. Հարությունյանը պեղել է նաև Մարմաշենում, Տիրաշենում ու Վահրամաբերդում:

 Հնագիտական հուշարձանների պեղումները հատկապես մեծ թափ են առնում XX դ. 70-ական թթ., երբ մեկը մյուսի հետևից սկսվում են պեղվել Մոզի բնակատեղին, Խամշի վանքը, Էջմիածնի բազիլիկ եկեղեցին, Կարբիի հուշարձանները, Վարդենուտի դղյակը (Գ. Կարախանյան), Սպիտակի քարայրային բնակավայրը, Գոգարանը, Կոթին, Պտղնիի մերձակա հնավայրը (Ա. Քալանթարյան), Ցաղաց քար վանքը, Եղեգիսի Զորաց տաճարը (Հ. Մելքոնյան), Երնջատափի բնակատեղին, Աքորիի եկեղեցին, Աղիտուի կոթողը, Հանդաբերդը, Տիգրանակերտը (Հ․ Պետրոսյան), Ուշիի վանքը, Օշականը (Ֆ. Բաբայան), Փարպիի Թարգմանչացը, Էջմիածինը (Ն. Հակոբյան):

Միջին դարերի հնագիտության բաժինն իրականացրել է մի շարք միջազգային ծրագրեր և համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, որոնց մեջ հատկանշական է տարբեր տարիներին Դվին մայրաքաղաքի ուսումնասիրություններին մեծ թվով արտասահ­մանցի գիտնականների մասնակցությունը: 2001-2003 թթ. ՀԱԻ և Երուսաղեմի հա­մալսարանի հայագիտության ամբիոնի միջև կնքված համագործակցության պայմանագրերի շրջանակներում պեղումներ իրականացվեցին Վայոց ձորի Եղեգիս հնավայրի հրեական հուշարձանում: 2005-2007 թթ. ՀԱԻ և Շվեցարիայի գիտական ազգային հիմնադրամի համագործակցության շրջանակներում բաժինը ծրագիր իրականացրեց Ցյուրիխի երկրագիտական թանգարանի հետ` նվիրված միջնադարյան հայկական խեցեղենին և ապակուն, որի արդյունքներն ամփոփվեցին մեկ գրքով (տես` ցանկը):

Բաժնի կողմից իրականացված պեղումների արդյունքում վերականգնվել են մի շարք միջնադարյան հուշարձաններ (Վարդենիկի Սբ. Աստվածածին, Զագավանքի կենտրոնագմ­բեթ եկեղեցի, Ծովասարի եկեղեցի) և այլն:

Մեր օրերում հաջողությամբ շարունակվում են Դվին մայրաքաղաքի ուսումնասի­րու­թյունները, պեղումներ են կատարվում Դաշտադեմի ամրոցում, Տաթևի վանքում, Հովհաննավանքում և այլ հուշարձաններում:

Աշխատակազմ

Աղավնի Ժամկոչյան
Աստղիկ Բաբաջանյան Գիտաշխատող
Ավետիս Գրիգորյան Հայցորդ
Գրիգոր Կարախանյան Առաջատար գիտաշխատող
Դիաննա Միրիջանյան Կրտսեր գիտաշխատող
Հուսիկ Մելքոնյան Բաժնի վարիչ
Նյուրա Հակոբյան Ավագ գիտաշխատող
Սերգեյ Հարությունյան Առաջատար գիտաշխատող
Ֆրինա Բաբայան Ավագ գիտաշխատող
Subscribe to RSS - Միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժին