Բանագիտություն

1943թ. նոյեմբերի 25-ին, Խորհրդային Հայաստանի կառավարության և Հայկոմկուսի Կենտկոմի միջնորդությամբ ու ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (Արմֆան, ստեղծվել է 1935թ.) հիմքի վրա Հայաստանում հիմնվում է Գիտությունների ակադեմիա: Այս հենքի վրա 1959թ. հիմնադրվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը և ստեղծման առաջին տարիներից մինչ օրս ինստիտուտի գիտական անձնակազմի մի քանի սերունդների ջանքերով պեղվել, հավաքվել, մշակվել ու հրատարակվել են հայոց նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության համար անհրաժեշտ մեծ քանակի սկզբնաղբյուրներ:

ՀՀ գիտությունների ակադեմիայի կազմավորումից ի վեր հայ բանահյուսական մշակույթի հիմնական հետազոտությունները մինչև 1959 թվականը ընթացել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ բանահյուսության բաժնում, իսկ 1960 թվականից մինչ օրս այդ աշխատանքները կենտրոնացել են ՀԱԻ բանահյուսության զույգ բաժիններում` բանահյուսության տեքստաբանության (բաժնի վարիչ` բանասիրական գիտությունների թեկնածու` Արտաշես Նազինյան` 1960-1999թթ., բանասիրական գիտությունների թեկնածու` Ալվարդ Ղազիյան` 2000-2009թթ., բանասիրական գիտությունների դոկտոր` Թամար Հայրապետյան` 2010 թ. մինչ օրս) և բանահյուսության տեսության ու պատմության (բաժնի վարիչ` ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյան` 1972թ. մինչ օրս):

Հայ բանահյուսական մշակույթի հետազոտման հիմնական ուղություններն են`

  • Բանահավաքչական աշխատանքներ
  • Համահավաք բնագրերի կազմում
  • «Սասնա ծռերի» պատումների գրառում, հրատարակություն և ուսումնասիրություն
  • Հայ բանահյուսության գրառման և հետազոտման պատմություն
  • Բանահյուսության և գեղարվեստական գրականության փոխառնչությունների ուսումնասիրություն
  • Բանահյուսության տեքստաբանություն և դրան առնչվող տարբեր խնդիրների ուսումնասիրություն
  • Մեծ Եղեռնի ականատես վկաների հուշապատումները և Եղեռնին նվիրված թուրքալեզու երգերի հավաքումն ու ուսումնասիրությունը (այս ուղղության հիմնադիրն է մեզանում բանագետ, բ.գ.դ. Վ. Սվազլյանը, որի ուսումնասիրությունները թարգմանվել են աշխարհի ժողովուրդների վեց լեզուներով և հրատարակվել արտասահմանում):

Առաջին կարևոր ուղղությունը բանահավաքչությունն է, որն իրականցվել է պարբերաբար կազմակերպված համալիր և նպատակային գիտարշավների ու անհատական գործուղումների ձևով: Հայաստանի տարբեր ազգագրական շրջաններից և Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ վայրերից գրառվել են բանահյուսական տարբեր ժանրերի մեծաքանակ նյութեր, որոնցով համալրվել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) բանահյուսական արխիվը` նյութական կայուն բազա ծառայելով տարբեր բնույթի բանագիտական հետազոտությունների համար:

Երկրորդ կարևոր ուղղությունը բանահյուսական առանձին ժանրերի գիտական համահավաք բնագրերի կազմումն է և հետազոտությունը: Այդ տարիներին կազմվել և հրատարակվել են հայկական առած - ասացվածքների համահավաքը (Ա. Ղանալանյան, «Հայկական առածանի», 1951) և ավանդական զրույցների համահավաքը (Ա. Ղանալանյան, “Ավանդապատում”, 1969), Մ. Մկրտչյանի “Հայ ժողովրդական պանդխտության երգերը” (1961): 1965թ. հրատարակվել է Ս. Հարությունյանի կազմած «Հայ ժողովրդական հանելուկների» գիտական համահավաք բնագիրը, իսկ 1989թ-ին` Ա. Ղազիյանի “Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգերի” համահավաքը:

Հայ ժողովրդական հեքիաթների բազմահատոր գիտական հրատարակությունը սկսվել է 1959 թվականից` Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Խմբագրական-հրատարակչական խորհրդի որոշմամբ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ընդհանուր խմբագրությամբ` նպատակ ունենալով հրապարակ հանել ժողովրդական բանահյուսության հնագույն ժանրերից մեկի` հեքիաթի տպագիր և անտիպ ամբողջական ու համակարգված ժառանգությունը:

Հայկական հեքիաթների գիտական հրատարակությունն իրականացվել է տեղագրական-ազգագրական հատկանիշների խմբավորման ու տեղաբաշխման, տեքստաբանական միասնական կանոնների մշակման սկզբունքով:

I, II, III հատորներ` Այրարատ (աշխատասիրությամբ` Ա. Նազինյանի), IV հատոր` Շիրակ (աշխատասիրությամբ` Մ. Մկրտչյանի), V հատոր` Արցախ (աշխատասիրությամբ` Ա. Նազինյանի և Մ. Գրիգորյանի), VI հատոր` Արցախ-Ուտիք (աշխատասիրությամբ` Ա. Նազինյանի և Վ. Սվազլյանի), VII հատոր` Արցախ-Սյունիք (աշխատասիրությամբ` Ա. Նազինյանի և Մ. Առաքելյանի)[1], VIII հատոր` Գուգարք-Լոռի (աշխատասիրությամբ` Ա. Նազինյանի և Ռ. Գրիգորյանի), IX հատոր` Բագրևանդ, Ալաշկերտ, Մանազկերտ, Բաղեշ (աշխատասիրությամբ` Մ. Մկրտչյանի), X հատոր` Տուրուբերան-Մուշ-Բուլանըխ (աշխատասիրությամբ` Ս. Տարոնցու), XI հատոր` Տուրուբերան-Հարք (աշխատասիրությամբ` Մ. Մկրտչյանի), XII հատոր` Տուրուբերան-Մուշ (աշխատասիրությամբ` Վ. Սվազլյանի), XIII հատոր` Տուրուբերան-Մուշ-Տարոն (աշխատասիրությամբ` Ա. Ղազիյանի), XIV-XV հատորներ` Վան-Վասպուրական (աշխատասիրությամբ` Ա. Ղազիյանի և Վ. Սվազլյանի), «Հայ ժողովրդական հեքիաթների» XVI հատորով` Վան-Վասպուրական (աշխատասիրությամբ` Ա. Ղազիյանի) ամբողջանում է պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի և հարակից շրջանների (Վան, Խլաթ, Բուլանըխ, Բզնունիք, Խնուս, Արճեշ, Արծկե, Չարսանճագ) բանահյուսության հեքիաթի ժանրի հոգևոր հարստությունը: «Հայ ժողովրդական հեքիաթների» XVII հատորն ընդգրկում է Պատմական Հայաստանի Մոկս գավառի հեքիաթները (աշխատասիրությամբ` Թ. Հայրապետյանի): Հրատարակության են սպասում նաև Պարսկահայք նահանգի, Ռշտունիք, Շատախ, Բուլանըխ գավառների և Սփյուռքի գաղթօջախներից գրառած հեքիաթների բնագրերը, որոնք ձեռագիր վիճակում պահվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվում և նախատեսված են տպագրվելու` իբրև գիտական հրատարակության հերթական հատորներ:

1970թ. կազմվել և հրատարակվել է Ռ. Գրիգորյանի “Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգերի” գիտական համահավաքը, իսկ 1986-ին` Գր. Գրիգորյանի «Հայ ժողովրդական վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը» համահավաքը և նույն խորագրով երկու հատոր գիտական հետազոտություն (1-ին 1972, 2-րդ 1982):

2006թ. լույս է տեսել Ս. Հարությունյանի կազմած և խմբագրած «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ» գիրքը, որը բաղկացած է գիտական համահավաք բնագրերից:

1950-60-ական թվականներից ի վեր սկսվում է մի նոր շարժում հայ ժողովրդական վեպի` «Սասնա ծռերի» գրառման, հրատարակության և ուսումնասիրության ուղղությամբ:

1956թ. լույս է տեսել Հ. Օրբելու «Հայկական հերոսական էպոսը» ուսումնասիրությունը,

1960թ.-ին` Գր. Գրիգորյանի «Հայ ժողովրդական հերոսական էպոսը» մենագրությունը:

1970-ական թվականների սկզբից կազմակերպվում է «Սասնա ծռեր» ժողովրդական հերոսավեպի նոր պատումների որոնումն ու հրատարակությունը: 1977թ. լույս են տեսել Գր. և Վ. Գրիգորյանների հավաքած «Սասնա ծռերի» ութ նոր պատումները: Հրատարակվել են Ս. Հարությունյանի և Ա. Սահակյանի հավաքած և կազմած «Սասնա ծռերի» նոր պատումները` Գ և Դ հատորներով (Գ հատոր 1979թ. և Դ հատոր 1999թ.): Իսկ նրանց գրառած մոտ 50 նոր պատումներ պահվում են ՀԱԻ բանահյուսության արխիվում:

1975թ. լույս է տեսել Ա. Սահակյանի «Սասնա ծռեր» պատումների քննական համեմատություն” մենագրական հետազոտությունը, 1977թ.` Ս. Հարությունյանի կազմած «Սասնա ծռեր» տասը ընտիր պատումները` հետազոտությամբ հանդերձ: Իսկ 2000թ. առանձին գրքով լույս է տեսել Ռ. Գրիգորյանի «Սասնա ծռեր» յոթ նորահայտ պատումները:

2012թ. լույս է տեսել Լ. Ղռեջյանի «Երկվորյակների առասպելը և դրա տարբեր դրսևորումները հայ վիպական ավանդության համակարգում» մենագրությունը:

Հաջորդ ուղղությունը հայ բանագիտության պատմության ուսումնասիրությունն է:

1985թ. լույս է տեսել Ա. Ղանալանյանի` հայ բանահյուսության հետազոտմանը նվիրված «Դրվագներ հայ բանագիտության պատմության» ուսումնասիրությունը, Ս. Հարությունյանի «Մանուկ Աբեղյան. Կյանքն ու գործը» (1970), Վ. Սվազլյանի «Սարգիս Հայկունի» (1973), Ս. Վարդանյանի «Տիգրան Նավասարդյանի ներդրումը հայ բանագիտության մեջ» (1991) ռուսերեն մենագրությունը և նույն հեղինակի «Մ. Միանսարյանցի կյանքը և գործը» (2004), Թ. Հայրապետյանի «Կ. Մելիք-Շահնազարյանի կյանքը և գործը» (2007) մենագրությունները:

2010թ. լույս է տեսել Ս. Հարությունյանի «Բանագիտական ակնարկներ» ուսումնական ձեռնարկը` նվիրված հայ բանագիտության պատմությանն ու տեսությանը:

Հրատարակվում են առանձին ուսումնասիրություններ` նվիրված հայ բանահյուսության տարբեր ժանրերին և առանձին խնդիրների ուսումնասիրությանը:

Մենագրական հետազոտությունների են ենթարկվում հայ ժողովրդական վիպերգերն ու պատմաերգային բանահյուսությունը (Գ. Գրիգորյան, 1-ին` 1972, 2-րդ` 1982), նույն հեղինակի «Սովետահայ վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը» մենագրությունը (1965թ.), Ս. Հարությունյանի «Հայ ժողովրդական հանելուկներ» մենագրությունը (1960թ.): 1975թ. հրատարակվել է «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» մենագրությունը: 2000թ. Բեյրութում լույս է տեսել Ս. Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» ծավալուն մենագրությունը:

2007թ. լույս են տեսել Ե. Հարությունյանի «Հայ ժողովրդական սգո երգերը» ուսումնասիրությունը, 2009-ին` Ն. Վարդանյանի «Հայոց իրապատում հեքիաթը: Ժանրային-տիպաբանական քննություն», իսկ 2010-ին` Ռ. Խաչատրյանի «Հայ ժողովրդական երգերի պոետիկան» մենագրությունները:

2012թ. Մոսկվայում հրատարակվել է «Հայեր» կոլեկտիվ ուսումնասիրությունը` նվիրված հայ ազգագրության և բանագիտության հետազոտմանը, որին մասնակցել են բանագետներ Ս. Հարությունյանը և Ա. Ղազիյանը:

1970թ. հիմք է դրվում «Հայ ազգագրություն և բանահյուսություն» գիտական մատենաշարին, որը շատ մեծ դեր է կատարում բանագիտական և ազգագրական նյութերի կազմակերպված հրատարակության և ուսումնասիրության գործում: Ցարդ լույս է տեսել 26 հատոր: «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարի մինչև այժմ լույս տեսած հատորներից բանահյուսական ուղղվածություն ունեն հետևյալները (Խ. Փորքշեյան, Նոր Նախիջևանի հայ ժողովրդական բանահյուսությունը (ՀԱԲ 2, 1971), Բենսե, Հարք (Մշո Բուլանըխ) (ՀԱԲ 3, 1972), Ս. Ավագյան, Արճակ (ՀԱԲ 8, 1978), Ա. Նազարյան, Էջմիածնի և Աշտարակի բանահյուսությունից (ՀԱԲ 9, 1978), Գ. Գևորգյան, Ղզլար (ՀԱԲ 10, 1980), Գ. Միքայելյան «Նոր Բայազետ» (ՀԱԲ 11, 1980), Ռ. Գրիգորյան «Գեղարքունիք» (ՀԱԲ 14, 1983), Ա. Ղազիյան «Արցախ» (ՀԱԲ 15, 1983), Վ. Սվազյան «Մուսա լեռ» (ՀԱԲ 16, 1984), С. Варданян, Вклад Тиграна Навасардяна в армянскую фольклористику (ՀԱԲ 18, 1991), Ռ Խաչատրյան «Թալին» (ՀԱԲ 19, 1999), Թ. Գևորգյան «Լոռի» (ՀԱԲ 20, 1999), Է. Խեմչյան, «Տավուշ» (ՀԱԲ 21, 2000), Թ. Հայրապետյան, Կոնստանդին Մելիք-Շահնազարյան (Տմբլաչի Խաչան) 1857-1940, Կյանքն ու գործը (ՀԱԲ 24, 2007); Ե. Հարությունյան, Հայ ժողովրդական սգո երգեր (ՀԱԲ 24, 2007), Է. Խեմչյան, «Իջևան (Ձորոփոր)» (ՀԱԲ 25, 2008), որոնցից մի քանի հատորներում (ՀԱԲ 3, 8, 10, 11) զուգահեռաբար ներկայացված են բանահյուսական և ազգագրական նյութեր, իսկ 19, 25 հատորներում բանահյուսական նյութին կից` ընգրկված են որոշ ազգագրական նյութեր:

Բանահյուսական նյութերի առանձին ժողովածուներ են Վ. Սվազլյան, «Կիլիկիա. Արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994), «Պոլսահայոց բանահյուսությունը» (2000), Ա. Ղազիյան, Ս. Վարդանյան, «Բաքվի հայոց բանահյուսությունը» (2004), Հ. Հովսեփյան «Ղարադաղի հայերը, բանահյուսություն» (2009թ., կազմողներ` Ս. Վարդանյան և Է. Խեմչյան, խմբագիր` Ա. Ղազիյան), «Կարսի հայոց բանահյուսական մշակույթը», հեղինակային խումբ (2013թ., գիտական ղեկավար` Ս. Հարությունյան):

Հայ բանահյուսական մշակույթի հետազոտման ուղղություններից է նաև բանահյուսության և գեղարվեստական գրականության փոխառնչությունների ուսումնասիրության հարցը, որը առաջադրվել և հետազոտվել է տակավին 1930-ական թվականներից Ա. Ղանալանյանի կողմից  («Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1938), «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1940), «Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1955), «Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1963), «Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1964) ուսումնասիրությունները:  1954թ. Ա. Նազինյանը հրատարակում է «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը», իսկ 1957թ.`  «Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը» մենագրությունները: 2011թ.-ին լույս է տեսել Ա. Սարգսյանի «Պարույր Սևակը և ժողովրդական բանահյուսությունը» մենագրությունը:

Կարևոր ուղղություններից է նաև բանահյուսական տեքստաբանությանն ու դրան առնչվող տարբեր խնդիրների ուսումնասիրությունը:

Բացի գիտական համահավաքներից և տեղական բանահյուսական ժողովածուներից, որոնք տեքստաբանական կարևոր արժեք ունեն, այստեղ հարկ է նշել հատկապես հայ ժողովրդական հեքիաթների սյուժետային տիպերի նշացանկը` ըստ Աարնե-Թոմփսոն-Ութերի` իր բոլոր տարբերակներով և հեքիաթների միջազգային սյուժեների տիպաբանական համեմատությամբ (աշխատանքային թեմատիկ խումբ, գիտական ղեկավար` բ. գ. դ. Թ. Հայրապետյան), որի կազմումը տակավին շարունակվում է և առաջիկա տարիներին կավարտվի ու կարևոր նշանակություն կունենա հայկական հեքիաթների համեմատական հետազոտության համար:

 


[1] Հայ ժողովրդական հեքիաթների հատորների տեղաբաշխման և տպագրության պատրաստման աշխատանքների հետ կապված` որոշ հատորների հրատարակության թվերի հաջորդականությունը խախտված է (ՀԺՀ, հ. I, II, Երևան, 1959, հ. III, Երևան, 1962, հ. IV, Երևան, 1963, հ. V, Երևան, 1966, հ. VI, Երևան, 1973, հ. VII, Երևան, 1979, հ. VIII, Երևան, 1977, հ. IX , Երևան, 1968, հ. X, Երևան, 1967, հ. XI, Երևան, 1980, հ. XII, Երևան, 1984, հ. XIII, Երևան, 1985, հ. XIV, Երևան, 1999, հ. XV, Երևան, 1998, հ. XVI, Երևան, 2009, հ. XVII, Երևան, 2012):

There is currently no content classified with this term.

Աշխատակազմ

Գոհար Մելիքյան Գիտաշխատող
Subscribe to RSS - Բանագիտություն