ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԸ
Հայաստանի բարձր լեռներում մինչ օրս պահպանվել են յուրահատուկ հուշարձաններ, որոնց ժողովուրդն ավանդաբար կոչում է «վիշապաքար»:
Ինչպես խաչքարերն, այնպես էլ վիշապաքարերը հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհում: Նրանց տարածման կենտրոններն են Արագած և Գեղամա լեռները: Այսօր հայտնի է այս հուշարձանների մոտ 150 օրինակ:
Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են մոխրագույն քարից՝ անդեզիտից կամ բազալտից, և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք խմբի`
1. ձկնակերպ (քանդակված ձկան տեսքով),
2. ցլակերպ (քառակող, դիմային հատվածում ցլի գլխի և վար ընկած ոտքերի պատկերով),
3. ձկնացլակերպ (կրում են նախորդ երկուսի հատկանիշները):
Վիշապաքարերը լայնորեն կիրառվել են բրոնզի դարում և մասնավորապես Ք.ա. 2-րդ հազարամյակում, սակայն չի բացառվում, որ նրանց արմատները գնում են ավելի վաղ ժամանակաշրջաններ:
Վիշապաքարերը գտնվում են իրենց սկզբնական տեղում` ծովի մակերևույթից մինչև 3000 մ բարձրության վրա, կանգնած և/կամ ընկած վիճակում: Հնում նրանք հիմնականում կանգնած են եղել: Վիշապաքարերի մեծ մասն ի հայտ է գալիս խմբերով, քչերը` մեկուսի, ջրով հարուստ հարթ հրապարակներում, կլոր քարաշար հարթակների մեջ, իսկ շրջակայքում առկա են դամբարաններ, ժայռապատկերներ, աշտարակաձև կառույցներ:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Արարարտ-Էսքիջյան թանգարան, Լոս Անջելես
ԱրխեոԱրթ և Լաբ ՀԿ, Հայաստան
«Վիշապ» ծրագիր, Հայաստան-Իտալիա
Նկ.1. Վիշապաքարերի տարածույթը և քանակը
Նկ.2. Վիշապների տիպերը
ԲՈՒԺԱԿԱՆԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԸ
Անվանումը – Բուժական 1
Տիպը – Ցլակերպ
Նյութը – Մոխրա-շագանակագույն բազալտ
Պահպանվածությունը – Բավարար (մանրամասները մասամբ են երևում այն պատճառով, որ կիսաֆաբրիկատ է կամ էլ՝ տեղական ոճ)
Չափսը – 227x72x46 սմ
Սկզբնավայրը – Բուժական գյուղից 1,5 կմ արևմուտք, Ծաղկունյաց լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից – 1820 մ
Համատեքստը – Անհայտ. մելորացիոն աշխատանքները ավերել են անմիջական համատեքստը (հավանաբար գտնվել է կրոմլեխ-հարթակի մեջ): Շրջակայքում կան ամրոց-բնակավայր, դամբարանադաշտ
Հայտնաբերման պատմությունը – Մելորացման ընթացքում մեխանիզմի կողմից տեղափոխվել է դաշտի սահմանագծին գտնվող բլրակի վրա: Հայտնաբերվել և հուշարձանների պետական ցուցակներում գրանցվել է 1996 թ. հուշարձանագետ և վիմագրագետ Գագիկ Սարգսյանի կողմից:
Նկ. 3. Բուժական 1-ը 2012 թ. այցելության ժամանակ
Նկ. 4. Բուժական 1-ի գծանկարը