Հնագիտություն

Մայրաքաղաք Անիի պեղումների հենքի վրա ձևավորված հայկական հնագիտական դպրոցի կարկառուն ներկայացուցիչների և նրանց աշակերտների ջանքերով (Ն. Մառ, Հ. Օրբելի, Աշխ. Քալանթար, Ս. Տեր-Ավետիսյան, Ե. Բայբուրդյան, Բ. Պիոտրովսկի, Կ. Ղաֆադարյան, Բ. Առաքելյան) XX դարի առաջին կեսին հնագիտական հետազոտությունների ոլորտում նշանակալից արդյունքներ ձեռք բերվեցին, ինչն էլ իր հերթին հնագիտության և ազգագրության ինստիտուտի ստեղծման նախապայմաններից մեկը դարձավ: Ինստիտուտի ստեղծումով լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության փաստագրման և լուսաբանման գործը դարձավ համակարգված ուսումնասիրությունների առարկա: Հիսուն տարուց ավելի շարունակվող ծրագրավորված աշխատանքների շնորհիվ կարևոր արդյունքներ են գրանցվել մարդագոյացման, վաղ երկրագործական հասարակությունների ձևավորման գործընթացների, հին և միջնադարյան Հայաստանի պատմության ու մշակույթի ուսումնասիրության ոլորտներում: Մասնավորապես, քարիդարյան տարաբնույթ հուշարձանների (Երևան 1, Լուսակերտ, Հատիս, Քասախի ու Դեբեդի կիրճի և այլ հնավայրեր) պեղումների, գտածոների, հումքի աղբյուրների, կենսապայմանների ուսումնասիրությունների շնորհիվ վեր են հանվել լեռնաշխարհի բնակեցման վաղագույն փուլերի հիմնական օրինաչափություններն ու առանձնահատկությունները, լեռնաշխարհում բանական մարդու տարածման աշխարհագրական, էկոլոգիական, տնտեսական ասպեկտները, վերին պալեոլիթյան հասարակությունների կենսապահովման համակարգի բնութագրական հիմնական հատկանիշները (Բ. Երիցյան, Հ. Ղազարյան, Բ. Գասպարյան): 
Բացահայտվել, նկարագրվել և բնութագրվել են Ք. ա. VII–I հազարամյակների մեկ տասնյակ հնագիտական մշակույթներ, դրանց կերտող հասարակությունների զարգացման առանձնահատկությունները, վաղ պետական կազմավորումների հնագիտական դրսևորումները: 
Նեոլիթյան և էնեոլիթյան մի շարք բնակատեղիների (Թեղուտ` Ռ. Թորոսյան, Մասիս բլուր, Ադաբլուր` Գ. Արեշյան, Առատաշեն, Ակնաշեն` Ռ. Բադալյան, Ն. Գոդեձոր` Պ. Ավետիսյան, Արենի 1` Բ. Գասպարյան) պեղումների շնորհիվ վեր է հանվել լեռնաշխարհը բնակեցնող վաղ երկրագործական-անասնապահական հասարակությունների` մ. թ. ա. VII–IV հազարամյակներով ժամանակագրվող մշակույթների ձևավորման ու զարգացման դինամիկան, լուսաբանվել են տնտեսությանը, հումքային բազային, առևտրին, մշակութային փոխառնչություններին վերաբերող բազմաթիվ հարցեր: Հնագույն Հայաստանի բրոնզ-երկաթիդարյան հնագիտական մշակույթների բացահայտման, լեռնաշխարհին բնորոշ հասարակական զարգացումների առանձնահատկությունների լուսաբանման համար առանցքային նշանակություն ունեն ինստիտուտի արշավախմբերի ուժերով պեղված Կարմիր բլուրի նախաուրարտական շրջանի (Հ. Մարտիրոսյան), Ջրահովիտի, Մեծամորի (Է. Խանզադյան), Հառիճի (Տ. Խաչատրյան), Այգևանի (Ս. Եսայան), Մոխրաբլուրի (Գ. Արեշյան), Հոռոմի, Գեղարոտի (Ռ. Բադալյան), Ագարակի (Պ. Ավետիսյան) բնակատեղիների նյութերի ուսումնասիրությունները: Բրոնզ-երկաթիդարյան Հայաստանի մշակույթների ամբողջական նկարագրության, պարբերացման և ժամանակագրության համակարգի ձևավորման համար կարևոր տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տարբեր շրջաններում պեղված դամբարանադաշտերից (Լոռի Բերդ` Ս. Դևեջյան, Լճաշեն` Լ. Պետրոսյան, Օշական` Ս. Եսայան, Ա. Քալանթարյան, Քարաշամբ` Վ. Հովհաննիսյան, Թալին` Պ. Ավետիսյան, Ծաղկալանջ` Ֆ. Մուրադյան, Հոռոմ` Ռ. Բադալյան, Սյունիք` Օ. Խնկիկյան և այլն): Զգալի աշխատանք է տարվել Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքն ընդգրկող հնավայրերի հետ կապված ուսումնասիրությունների արդյունքների համակարգման և նորովի մեկնաբանման ոլորտում (Ա. Բոբոխյան):
Ուսումնասիրվել են Վանի թագավորության (Կարմիր բլուր` Բ. Պիոտրովսկի, Հ. Մարտիրոսյան, Արգիշթիխինիլի` Հ. Մարտիրոսյան, Օշական` Ս. Եսայան, Ա. Քալանթարյան, Դովրի` Ս. Հմայակյան), հելլենիստական, անտիկ շրջանների, միջնադարյան խոշոր բնակավայրեր, հայոց մայրաքաղաքները (Արտաշատ, Դվին, Գառնի, Արմավիր, Կարճաղբյուր, Հողմիկ, Բենիամին, Արցախի Տիգրանակերտ, Երվանդաշատ` Բ. Առաքելյան, Գ. Տիրացյան, Կ. Ղաֆադարյան, Ա. Քալանթարյան, Ժ. Խաչատրյան, Ֆ. Տեր-Մարտիրոսով, Ի. Կարապետյան, Հ. Պետրոսյան, Հ. Հակոբյան): Հիմնարար հետազոտություններ են կատարվել միջնադարյան վանական համալիրների ուսումնասիրության ոլորտում (Վահանավանք` Գ. Գրիգորյան, Խամշի վանք` Գ. Կարախանյան, Մարմաշեն` Ս. Հարությունյան, Ուշի, Հառիճ` Ֆ. Բաբայան, Աքորի, Աղիտու, Հանդաբերդ` Հ. Պետրոսյան, Ցախացքար` Հ. Մելքոնյան, Թեղենյաց` Գ. Սարգսյան և այլն): Հետազոտվել են անտիկ և քրիստոնեական Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի բազմաշերտ դրսևորումները (Բ. Առաքելյան, Կ. Ղաֆադարյան, Գ. Տիրացյան, Գ. Կարախանյան, Ա. Քալանթարյան, Ժ. Խաչատրյան, Ս. Հարությունյան, Ֆ. Բաբայան, Ա. Ժամկոչյան, Ն. Հակոբյան, Ֆ. Տեր-Մարտիրոսով, Հ. Պետրոսյան, Ի. Կարապետյան, Հ. Մելքոնյան, Մ. Զարդարյան, Գ. Քոչարյան և ուրիշներ): ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի դաշնության, Իտալիայի, Բելգիայի, Ավստրիայի տարբեր համալսարանների ու գիտական կենտրոնների հետ իրականացվել են հնագիտական ուսումնասիրություններ Հայաստանի տարբեր մարզերում, ինչի շնորհիվ հիմնովին թարմացվել է Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության ու մշակույթի ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը, օտար լեզուներով հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ և հոդվածներ (Ռ. Բադալյան, Պ. Ավետիսյան, Ս. Հմայակյան, Ա. Բոբոխյան, Բ. Գասպարյան, Մ. Զարդարյան և ուրիշներ):
Հավաքվել, վերծանվել և մեկնաբանվել են Հայկական լեռնաշխարհի և գաղթօջախների հարյուրավոր վիմագիր արձանագրություններ (Կ. Ղաֆադարյան, Ս. Բարխուդարյան, Գ. Գրիգորյան, Գ. Սարգսյան): Երկար տարիների ընդմիջումից հետո, 2012 թ. հրատարակվեց «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 8-րդ հատորը (Գ. Սարգսյան):
Հնագիտության և վիմագրագիտության ոլորտներում ինստիտուտի գիտական ուսումնասիրությունների արդյունքներն իրենց արտացոլումն են գտել «Հնագիտական պեղումները Հայաստանում», «Հայաստանի հնագիտական հուշարձանները», «Դիվան հայ վիմագրության» մատենաշարերում և բազմաթիվ մենագրություններում: Ինստիտուտում կատարված ուսումնասիրությունների շնորհիվ մշակվել են պարբերացման և ժամանակագրության նոր համակարգեր, որոնք մեծ ընդունելություն են գտել և օգտագործվում են ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև հարևան շրջանների հնագույն մշակույթների զարգացման դինամիկան սկզբունքորեն նոր տվյալներով ներկայացնելու համար:

Աշխատակազմ

Աննա Խեչոյան Կրտսեր գիտաշխատող
Աստղիկ Բաբաջանյան Գիտաշխատող
Ավետիս Գրիգորյան Հայցորդ
Արթուր Պետրոսյան Կրտսեր գիտաշխատող
Արսեն Բոբոխյան Ավագ գիտաշխատող
Արսեն Հարությունյան Ավագ գիտաշխատող
Բենիկ Երիցյան Ավագ գիտաշխատող
Բորիս Գասպարյան Գիտաշխատող
Գարեգին Թումանյան Ավագ գիտաշխատող
Դիաննա Միրիջանյան Կրտսեր գիտաշխատող
Ինեսա Կարապետյան Ավագ գիտաշխատող
Իրեն Քալանթարյան Կրտսեր գիտաշխատող
Լիլիթ Տեր-Մինասյան Կրտսեր գիտաշխատող
Լևոն Աղիկյան Ավագ լաբորանտ
Լևոն Պետրոսյան Առաջատար գիտաշխատող
Subscribe to RSS - Հնագիտություն