ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանն ու նույն բաժնի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանը մասնակցեցին Լոս Անջելոսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

Կիր, 03/10/2024 - 18:15

Ս․թ․ փետրվարի 16-ից մարտի 2-ը ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանն ու նույն բաժնի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանը գործուղման են մեկնել՝ մասնակցելու Լոս Անջելոսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին: Գիտաժողովը կայացել է փետրվարի 22-ից 24-ը և ուղեկցվում էր Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությամբ: 
Գիտաժողովին Լևոն Աբրահամյանը ներկայացրեց Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, մասնավորապես կանգ առնելով ֆիլմի պոետիկային առնչվող խնդիրների վրա (“Toward the Poetics of The Color of Pomegranates"): Գայանե Շագոյանը հրավիրված էր որպես դիսկուսանտ՝ վերլուծելու Չորրորդ նիստի (Politics and Violence) զեկուցումները:
Լևոն Աբրահամյանն ու Գայանե Շագոյանը ունեցան հինգ այլ դասախոսություններ ևս․ USC Dornsife հայագիտության ինստիտուտի հետ համատեղ USC-ի մարդաբանության և Սլավոնական ուսումնասիրությունների ֆակուլտետների հրավերով Լևոն Աբրահամյանը հանդես եկավ «Ազգագրությունից մարդաբանություն» դասախոսությամբ՝ ներկայացնելով Հայաստանում ազգագրության զարգացման ուղին և այսօր կատարվող ուսումնասիրությունների հիմնական ուղղությունները (Levon Abrahamian: From Ethnography to Anthropology: A Survey of a Social Discipline in Armenia): Նույն հաստատությունների հրավերով Գայանե Շագոյանը ներկայացրեց Հայատանում տրավմատիկ տարբեր հիշողությունների փոխազդեցության վերաբերյալ մի վերլուծություն («Navigating memories: Commemoration practices of Stalin-era repressions in Post-Soviet Armenia») (Gayane Shagoyan: Commemoration Practices of Stalin-era Repressions in Post-Soviet Armenia):
Հայագիտության ինստիտուտի աշխատակիցների, ուսանողների և հայ համայնքի համար ևս կազմակերպվեց երկու հանրային դասախոսություն: Լևոն Աբրահամյանը խոսեց Երևանի սոցիալական տարածքի 1950-80-ականների թաղային կառուցվածքի և հարաբերությունների մասին (“From «Guards» to Ward Authorities: Organizing the Social Space in Yerevan”), իսկ
Գայանե Շագոյանը նույն լսարանի համար ներկայացրեց Գյումրիի սոցիալական պատմությունը՝ բացատրելու թե ինչու և ինչպես է ձևավորվել գյումրեցիների որպես սրամիտների կերպարը (“Can Subalterns Make Jokes? Luaghter Culture in Modern Cities: the Case of Gyumri”):

 

Send to