Մարգահովտի պեղումները

Ամրաշինական համակարգի (Պեղավայր Գ) շերտագրությունը (ստորին շերտը՝ վաղ բրոնզի, վերինը՝ երկաթի դար), 2013 թ.

 

1. Պատմություն

Մարգահովիտ բնակավայրը գտնվում է Մարգահովիտ (նախկինում` Համզաչիման) գյուղում, Լոռու մարզ, Վանաձորից 17 կմ հեռավորության վրա, Վանաձոր-Դիլիջան մայրուղու միջնամասում: Հուշարձանը տեղադրված է գյուղի արևմտյան կողմում` Սարի Սոփ կոչվող բնական և դարավանդաձև կառուցվածք ունեցող բլրի վրա, Աղստև գետի ակունքի մոտակայքում: Բլուրն ընդհանուր առմամբ գրավում է 7.8 հա մակերես, որից 1.2 հա զբաղեցնում է բլրի գագաթի պարսպապատ հատվածը:

Մարգահովտի հուշարձանն առաջին անգամ հիշատակվում է Է. Խանզադյանի կողմից` 1967 թ. կուր-արաքսյան մշակույթին նվիրված իր կարևոր աշխատության մեջ:  Հետագայում երկար ժամանակ հուշարձանը մոռացության է մատնվում և հիշվում է առանձին հնագետների կողմից և երկրաբանների կողմից: Հետաքրքրությունը Մարգահովտի բնակավայրի վերաբերյալ վերակենդանանում է հատկապես 2000-ականների սկզբներից, երբ հուշարձան են այցելում Ա. Գևորգյանը և Ա. Պալմիերին, որոնք պեղումներ էին իրականացնում հարակից Ֆիոլետովո հուշարձանում:

Բնակավայրում և ընդհանրապես գյուղի տարածքում երբևէ պեղումներ չեն իրականացվել: Լուրջ հնագիտական աշխատանքներ Մարգահովտում սկսելու նպատակով` 2010 թ. մեր արշավախումբը այցելեց հուշարձան և նախնական հետախուզական ուսումնասիրություններ իրականացրեց տեղում (խեցեղեն բեկորների հավաքում, տեղանքի հետազոտություն):

 

2. Գործունեություն

2011-2017 թթ. (բացառությամբ 2015 թ.) ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղումներ է իրականացրել Մարգահովիտ բնակավայրում: Տասներեք հատվածներում դրվել են պեղավայրեր, որոնցից երկուսը բլրի կենտրոնա-արևելյան (Ա, Բ, Խ), երկուսը հարավ-արևելյան (Դ, Ը), երկուսը կենտրոնա-արևմտյան (Գ, Ե), չորսը` կենտրոնա-հյուսիսային (Զ, Է, Ի, Ժ), մեկը հյուսիս-հյուսիսարևելյան (Թ), մեկը՝ հարավ-արևմտյան (Խ) հատվածում` 4 x 4 մ (Ա, Բ, Դ, Լ), 4 x 6 մ (Թ), 8 x 8 մ (Գ), 5 x 8 մ (Ե, Զ, Է), 8 x 10 մ (Ը), 4 x 10 մ (Ի, Ժ) և 4 x 12 մ (Խ) մակերեսով: Պեղումներն իրականացվել են 2011 թ.` Ա, Բ, Գ, Դ, 2012 թ.` Գ, Ե, Զ, 2013 թ.՝ Բ, Գ, Զ, 2014 թ.`Ը, Թ, 2016 թ.`Ի, Ժ և 2017 թ.՝ Լ, Խ պեղավայրերում: Ընդհանուր առմամբ պեղվել է 484 մ2 մակերես:

Պեղումների արդյունքում այսօր կարելի է խոսել Մարգահովտում առկա քառափուլ բնակավայրի առկայության մասին. ընդ որում դրանցից առաջին երեքը (վաղ բրոնզ, միջին բրոնզ, ուշ բրոնզ/վաղ երկաթ) փաստագրված են շերտագրորեն իսկ չորրորդը տեսանելի է մակերեսին կամ որպես մշակութային շերտերի հետագա խախտում (միջնադար, նոր շրջան):

  • I փուլ - վաղ բրոնզ, բնակավայրի հիմնական փուլն է, որին են վերաբերում շերտագրական իրավիճակների և գտածոների 90 %-ից ավելին: Բոլոր պեղավայրերից հայտնի խեցեղեն նյութի մոտ 95 %-ը կուր-արաքսյան է: Սակայն, եթե Ա, Գ, Ե, Զ, Ը, Ժ, Ի, Լ, Խ պեղավայրերը առայժմ չեն հստակեցնում ենթահորիզոնների առկայությունը, ապա Դ պեղավայրում հաջողվեց տարբերակել երկու կավահատակներ, իսկ Բ և Է պեղավայրերում՝ երկու տարաժամանակյա շերտեր, որոնք մենք անվանում ենք Iա և Iբ հորիզոններ: 
  • II փուլ - միջին բրոնզ. 2012 թ. պեղումներն ի հայտ բերեցին նոր երևույթ` մարտկոպյան խեցեղեն, կուր-արաքսյան խեցեղենի հետ նույն համատեքստում (Պեղավայր Զ, Մ 5, 7), ինչը խոսում է այն մասին, որ Մարգահովիտն ունի որոշակի ներուժ վաղ բրոնզ-միջին բրոնզ անցումային փուլը հետազոտելու համար: Սակայն դեռևս չկան հստակ համատեքստեր, որոնք թույլ տան մեզ առանձին քննարկելու հիշյալ երևույթը: Բացի այդ, ձեռք բերվեցին ավելի լուրջ տվյալներ միջին բրոնզի վերջին փուլը Մարգահովտում առանձնացնելու համար (Պեղավայր Ե, Մ 4-ի կառույցը):
  • III փուլ - ուշ բրոնզ/վաղ երկաթ, ներկայացված է Ա, Գ, Ե, Զ, Է, Թ, Խ պեղավայրում, հատկապես Ա և Գ պեղավայրերում, ուր կան այս դարաշրջանին վերաբերող անխաթար համատեքստեր: Բացի այդ, ուշ բրոնզ/վաղերկաթեդարյան է ամրոցի պարիսպը:
  • IV փուլ - միջնադար և նոր շրջան, ներկայացված է միջնադարյան խեցեղեն բեկորներով (Պեղավայրեր Ե, Զ, Է, Խ): Բացի այդ, բլրի կենտրոնական հատվածի ուղղանկյուն շինությունը և հյուսիսարևելյան հատվածի խաչքարերը, ամենայն հավանականությամբ, վկայում են զարգացած միջնադարի (IVա), իսկ մահմեդական գերեզմանները ուշ միջնադարի և նոր շրջանի (IVբ) հետքերի առկայության մասին:

Մարգահովիտ բնակավյարը գտնվելով մետաղի հանքերով հարուստ գոտում՝ կարևոր դեր պետք է խաղացած լինի մետաղագործական զարգացումներում:

Աշխատանքի նախնական արդյունքները հրապարակվել են այստեղ՝

Գևորգյան Ա., Բոբոխյան Ա., Վանյան Հ., Դանիելյան Հ., Հնագիտական աշխատանքներ Մարգահովտում, Մեծամորյան ընթերցումներ 1, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ, Փիլիպոսյան Ա. (խմբ.), Երևան, 2017, էջ 6-24:

 

3. Աշխատակազմ

Մարգահովտի հնագիտական աշխատանքները ղեկավարում է Ա. Գևորգյանը, աշխատակիցներն են Ա. Բոբոխյանը, Հ. Վանյանը, Հ. Դանիելյանը: Արշավախմբի հետ համագործակցում են հնաբուսաբան Ռ. Հովսեփյանը, հնամարդաբան Հ. Սիմոնյանը, հնակենդանաբան Ա. Գենջյանը: Հնագիտական պեղումներին մասնակցել են ինստիտուտի աշխատակիցներ Ա. Պետրոսյանը և Ռ. Դավթյանը, ինչպես նաև՝ Դ. Թվոմլոուն Վեսեքսի համլսարանից:

 

 

Նկարների ցանկ

1. Մարգահովտի գոգավորությունը, 2011 թ.

2. ԵՊՀ ուսանողները պեղումների ընթացքում, 2012 թ.

3. Արշավախմբի անդամները պեղումներից հետո, 2013 թ.

4. Երկաթեդարյան ամրաշինական համակարգի ընդհանուր պատկերը (Պեղավայր Գ), 2014 թ.

5. Ամրաշինական համակարգի (Պեղավայր Գ) շերտագրությունը (ստորին շերտը՝ վաղ բրոնզի, վերինը՝ երկաթի դար), 2013 թ.